
Իսրայելական ուժերն օգոստոսի 18-ի երեկոյան ներխուժել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Կունեյտրայի նահանգի երկու բնակավայր և խուզարկություններ իրականացրել մի քանի տներում։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Ներխուժման ընթացքում իսրայելական ուժերը կրակ են բացել մոտոցիկլետների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն գրանցվել, և տների խուզարկությունների արդյունքում ձերբակալություններ չեն եղել։
Ավելի վաղ իսրայելական ուժերը ներխուժել էին Կունեյտրայի Արևելյան Սամդանիա գյուղ՝ ստեղծելով ժամանակավոր անցակետ։ Բացի այդ, նրանք Սիրիայի քաղաքացու էին ձերբակալել Կունեյտրայի Տրինջա գյուղում իրականացված խուզարկության արդյունքում։
2024 թ․ դեկտեմբերի 8-ին Սիրիայում իշխանափոխությունից հետո իսրայելական ուժերն ակտիվացրել են իրենց ներխուժումները Կունեյտրայի շրջան և հարակից տարածքներ՝ նաև հարյուրավոր ավիահարվածներ հասցնելով սիրիական ռազմական օբյեկտներին՝ դրանք ոչնչացնելու և ենթակառուցվածքների վերակառուցումը կանխելու նպատակով։