Իշխանություններն այնպիսի սպասումներ են առաջաց...

Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ, այս մասին ասված է  «Իրավական ուղի» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում:

«Արձանագրությունում պարզաբանվում են մի շարք հարցեր, որոնք մեր իշխանությունները մանիպուլյատիվ ձևով օգտագործում էին որոշակի ժամանակ»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

Արձանագրության հիմնական շեշտադրումները, ըստ Մելիքյանի, վերաբերում են վեթինգի ինստիտուտին, դատարանների արգելափակմանը, մյուս կողմից էլ, այսպես կոչված, Սահմանադրական դատարանի ճգնաժամին.«Շատ հստակ գնահատականներ են տրվում զեկուցողի կողմից՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղարի կողմից, մասնավորապես: Մենք հանդես եկանք հայտարարությամբ, որտեղ, կարծում եմ, սպառիչ ներկայացրել ենք և նաև ամբողջությամբ հայերեն թարգմանել ենք արձանագրության համապատասխան հատվածը, որ որևէ մեկի մոտ որևէ կասկած չառաջանա»:

Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի իշխանությունների արձագանքը, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց.«Ես կարծում եմ՝ իշխանություններն արդեն իսկ արձագանքում էին: Սա փաստաթուղթ է, որ հրապարակվել է այսօր, բայց վերաբերում է հունիսի 21-22-ին: Նույն իշխանությունները այս ընթացքում որոշակիորեն փորձ էին կատարում մեղմացնել իրենց իսկ շատ կոշտ ձևակերպումները»:

Մելօիքյանի խոսքով, մեր իշխանություններն ունեն հետաքրքիր գործելակերպ՝ սկզբից հանրության մոտ մեծ ակնկալիքներ են ձևավորում, հետո չեն կարողանում իրենք իրենց խոստումներն իրացնել և դրանից հետո ինչ-որ անհասկանալի իրավիճակներ են առաջանում:

«Ես կարծում եմ, որ իշխանությունները, առաջին՝ այնպիսի ոչ խելամիտ ձևով են հարցերը դրել և այնպիսի սպասումներ են առաջացրել հանրության մոտ, որ հիմա, կարծում եմ, շատ բարդ վիճակում են հայտնվել, որովհետև մի կողմից պետք է մեր միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգանք դրսևորեն, բայց մյուս կողմից մեծ ակնկալիքներ են ձևավորել հանրության մոտ, և պետք է կարողանան այս բարդ իրավիճակից դուրս գալ: Իմ պատկերացմամբ՝ ուղղակի պետք է համարձակություն ունենան և առաջինը՝ վեթինգի հետ կապված տերմինաբանությունը վերափոխեն շատ ավելի կառուցողական տերմինաբանության, և երկրորդ՝ սահմանադրական դատարանի, այսպես կոչված, ճգնաժամ երևույթը իսպառ բացառեն իրենց քարոզիչների տերմինաբանությունից և անցնեն կառուցողական աշխատանքի»:

Մելիքյանը վստահ չէ՝ իշխանությունները կունենա՞ն այդ համարձակությունը. «Բայց, ամեն դեպքում, մենք տեսնում ենք միջազգային կառույցների տրամադրվածությունը և վերաբերմունքը, և դա զարմանալի չէր: Մենք խոսում ենք այս մասին արդեն տևական ժամանակ, որովհետև կան հարցեր, որ պետք է մեր իշխանությունները հասկանան: Իրավանաբության մեջ էլ կան հարցեր, որ կարմիր գծերից անցել են, և դրանք հնարավոր չէ որևէ կերպ փաթաթել միջազգային հանրության վզին՝ որևէ փաթեթավորմամբ,-ասում է Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով,-կարճաժամկետ քարոզչական ինչ-որ արդյունք ստանալու համար չպետք է զոհաբերել մեր պետության վարկը, մեր ինստիտուտցիոնալ արժեքները: Ես ուղղակի հույս ունեմ, որ ինչ-որ մի օր այս պարզագույն ճշմարտությունը հասու կդառնա մեր քաղաքական ղեկավարությանը»: