Իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման...

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված:

Ըստ այդմ՝ սահմանվել են ինքնակամ կառույցների հաշվառման, դրանց իրավական կարգավիճակի հստակեցման և գույքային իրավունքների կարգավորման նոր իրավական կարգավորումներ։

Որոշմամբ հստակեցվել է ինքնակամ կառույցների հաշվառման ընթացակարգը, մասնավորապես՝ առցանց չափագրման գրասենյակ հաշվառման փաթեթի ներբեռնման և Կադաստրի կոմիտեի կողմից դրա հաստատման պահից ինքնակամ շինությունը հաշվառված լինելու հանգամանքը, որով ապահովվել է հաշվառման ընթացակարգի իրավական հստակ ավարտը և պատվիրատուի՝ համապատասխան ինքնակամ կառույցի հաշվառումն հաստատելու կամ մերժելու մասին իրազեկվածությունը:

Լիազոր մարմնին՝ Կադաստրի կոմիտեին վերապահվում է ինքնակամ շինությունների հաշվառման ներկայացման դեպքում՝ ինքնակամ շինության հաշվառումը հաստատելու կամ մերժելու լիազորություն, ինչպես նաև սահմանվում են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առկա ինքնակամ շինությունների հաշվառման վարույթի առանձնահատկությունները: Արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացն օրենքով սահմանված լրացուցիչ ժամկետում իրականացնելու՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը: