Իրաքյան Քրդստանը երբեք վտանգ չի ներկայացնի Իրանի համար, և այն կփորձի հնարավորություն դառնալ Իսլամական Հանրապետության համար, հայտարարել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Նեչիրվան Բարզանին, գրում է Mehr-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշյանը երեքշաբթի առավոտյան հանդիպել և բանակցություններ է վարել Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ։ Հանդիպման ընթացքում Պեզեշկյանը շնորհակալություն է հայտնել Բարզանիին Թեհրանում Իրանի հանգուցյալ նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Կոչ անելով ամրապնդել Թեհրանի և Էրբիլի միջև հարաբերությունները՝ փոխադարձ առաջընթացի և զարգացման նպատակով՝ Իրանի նախագահն ասել է. «Իրաքի վարչապետի հետ ունեցած բանակցությունների ընթացքում մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք երկարաժամկետ հեռանկարում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ձևակերպելու և հստակեցնելու վերաբերյալ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրաքյան Քրդստանի հետ»։
Նա նաև նշել է, որ Իրանը շահագրգռված է Իրաքյան Քրդստանի հետ տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնմամբ, և անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը և ապահովել անվտանգության անհրաժեշտ պայմաններ՝ ամրապնդելու երկու կողմերի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները հատկապես սահմանամերձ շրջաններում։
Բարզանին, իր հերթին, պատմական և կարևոր իրադարձություն է անվանել Պեզեշյանի այցն Իրաքյան Քրդստան։
«Մենք շահագրգռված ենք Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և հուսով եմ, որ այսուհետ ականատես կլինենք երկկողմ փոխգործակցության ընդլայնման գործընթացի արագացմանը։ Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունն ու օգնությունը և հատկապես նահատակ Սոլեյմանիի զոհաբերությունը դժվարին պայմաններում»,- ասել է նա։