Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշ...

 Իրանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շափսի, թագավորության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի, Կիպրոսում Ակրոտիրիի բրիտանական ռազմակայանի, ինչպես նաև երեք ընկերությունների դեմ՝ պաղեստինցի ժողովրդի իրավունքների խախտմանն ուղղված Իսրայելի գործողությունների աջակցության համար:

Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարարությունը:

Telegram սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են «իսրայելական վարչակարգի գործողություններին կանխամտածված աջակցության համար, ներառյալ՝ տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ահաբեկչական գործողությունների իրականացումը, մարդկանց իրավունքների կազմակերպված խախտումը, պատերազմի հրահրումը, քաղաքացիական բնակչության դեմ ծանր զենքի և զինամթերքի արգելված տեսակների կիրառումը, պաղեստինցի ժողովրդի տեղահանումը, օկուպացված տարածքում անօրինական բնակավայրերի ընդլայնումը»:

Պատժամիջոցները ենթադրում են ցուցակում հայտնված անձանց վիզաների տրամադրման արգելք, Իրանի Իսլամական Հանրապետություն մուտքի արգելք, բանկային հաշիվների արգելափակում, Իրանի իրավասության ներքո գտնվող տարածքում նրանց գույքի և ակտիվների բռնագրավում։