Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվ...

Իրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն։

«Ներկայումս դեպի Սիրիա թռիչքներն արգելված են մինչև հունվարի 22-ը »,- Փուրֆարզանեի խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, օդային հաղորդակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ նպատակակետ երկրից։

Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ-Բաշիրը, ով ղեկավարում էր այսպես կոչված «Փրկության կառավարությունը» Իդլիբ նահանգում, հայտարարեց իր նշանակման մասին Սիրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում անցումային շրջանի համար, որը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։