Իրանը երբեք որևէ զիջում չի ընդունի իր ազգային...

Իրանի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը երբեք որևէ զիջում չի ընդունի իր ազգային անվտանգության հարցում, հաղորդում է Mehrnews-ը։

Անցյալ շաբաթ Վելայաթին հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ։

Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և Վաշինգտոնում կայացած բանակցությունները՝ նշելով երկու երկրների միջև պատմական բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները։

Վելայաթին ողջունել է երկկողմ համագործակցության ընդլայնումը և ընդգծել Իրանի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանմանը, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Նա հիշեցրել է, որ Իրանը մինչ օրս ակտիվ քայլեր է ձեռնարկել խաղաղություն հաստատելու համար՝ նույնիսկ զոհեր տալով այդ ճանապարհին, ներառյալ՝ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ իրանցի դիվանագետների ընտանիքների մահը։

Վելայաթին նշել է, որ տարածաշրջանի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները։