Իրանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները սեպտեմբերի 16-ին՝ Անկարայում , քննարկել են սահմանային անվտանգությունը, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու անկանոն միգրացիան։
Երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համատեղ նիստերը, որպես կանոն, անցկացվում են տարին մեկ անգամ։ Նախորդ տարի հանդիպումը կայացել էր Թեհրանում, իսկ այս տարի, գերատեսչությունների պայմանավորվածության համաձայն, այն հյուրընկալել է Անկարան։
Հանդիպումից հետո Իրանի ՆԳ նախարարը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են Սալմասի շրջանում բացել Իրան–Թուրքիա նոր սահմանային անցակետ։ Քննարկվել է նաև Չալդրանի շրջանում ևս մեկ անցակետի բացման հնարավորությունը։
Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են նաև ակտիվացնել անվտանգության համատեղ աշխատանքային խմբերը՝ ահաբեկչության, զենքի և թմրանյութերի մաքսանենգության ու անկանոն միգրացիայի դեմ պայքարի ուղղություններով։



