Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է աշխատանքներ սկսել Կանադան Եվրամիության առաջին ասոցացված անդամը դարձնելու ուղղությամբ։ Այս մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ Եվրամիության վիճակի մասին ամենամյա ուղերձի ժամանակ։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն և Կանադան մտադիր են զարգացնել արդեն գործող ազատ առևտրի համաձայնագիրը և ձևավորել ավելի լայն՝ «Դաշինք հանուն ապագայի» գործընկերություն՝ խորացնելով տնտեսական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը։
Առաջարկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու հեռանկարն անվանելով «ծիծաղելի» և զգուշացնելով հնարավոր տնտեսական հետևանքների մասին։
«Եթե նրանք դա անեն, և ես համարեմ, որ դա թշնամական քայլ է, ես շատ լուրջ մաքսատուրքեր կսահմանեմ կամ Եվրոպայի հետ որոշ ոլորտներում կդադարեցնեմ առևտուրը»,- հայտարարել է Թրամփը։
Նա հավելել է, որ եթե նախաձեռնությունն ԱՄՆ-ի նկատմամբ «վատ մտադրությամբ» իրականացվի, Վաշինգտոնը կարող է Եվրոպայի նկատմամբ «շատ բարձր մաքսատուրքեր» սահմանել։
Կանադան ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման միջոցով ձգտում է նվազեցնել ԱՄՆ-ից իր տնտեսական կախվածությունը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ում «ասոցացված անդամի» կարգավիճակ ներկայում գոյություն չունի, և ֆոն դեր Լայենի առաջարկը դեռևս նման նոր ձևաչափ ստեղծելու նախաձեռնություն է, ոչ թե արդեն ընդունված որոշում։



