Իրանն ու Հայաստանն առնչվել են շատ զգայուն հար...

Իրանն ու Հայաստանն առնչվել են շատ զգայուն հարցի՝ Նախիջևանի կապն Ադրբեջանի մայրցամաքային հատվածի հետ։ Այս հարցը վերջին տարիներին առաջացրել է շատ ռազմավարական և զգայուն քննարկումներ, որոնք բազմաթիվ մտահոգություններ են ստեղծել ինչպես մեզ մոտ, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում, քանի որ հնարավոր են տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխություններ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Իրանի ԱԳ  նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:

«Աշխարհաքաղաքական փոփոխություններ ասելով՝ մենք նկատի ունենք միջազգային ճանաչված սահմանների փոփոխություն, սահմանների տեղափոխում, տարածաշրջանի ցանկացած երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա ազդեցություն, օրինակ՝ Հայաստանի մի մասի օգտագործումը, ինչը կարող է հանգեցնել օկուպացիայի, իշխանության փոփոխության կամ թուլացման սպառնալիք լինել: Մենք վաղուց շատ հստակ ասել ենք, որ նման բան չենք հանդուրժի, և մեր քաղաքականությունը սկզբնապես եղել է պարզ։ Մենք նաև ձեռնարկել ենք համապատասխան քայլեր, որպեսզի ցույց տանք մեր լրջությունը, ինչի մասին բոլորը տեղյակ են։ Ներկայումս էլ մեր քաղաքականությունը նույնն է՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ չենք ընդունում։

Այս պահին տեղի ունեցածը այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է հայտարարություն, որի մեջ հստակ նշվում է, որ կողմերը ընդունում են տարածաշրջանի սահմանների անփոփոխելիությունը, հարգում են տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չունեն նպատակ փոփոխություն կատարելու։ Այս առումով, ներկայիս փուլում մեր աշխարհաքաղաքական մտահոգությունը, ըստ երևույթին, հարթվել է։

Իսկ, թե ապագայում նրանք որքանով կպահպանեն այս սկզբունքները կամ ինչ զարգացումներ կարող են լինել, պարզ է, որ մենք մանրակրկիտ կհետևենք և կվերահսկենք իրավիճակը՝ դիտարկելու համար, թե ինչ է տեղի ունենում», - ասել է Արաղչին։

Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև յան հարցին, թե ինչու Հայաստանով կառուցվելիք ճանապարհը կարող է տնտեսապես վնաս պատճառել և քաղաքական առումով նույնպես խնդիրներ ստեղծել:

«Տնտեսական առումով դա կարող է մի փոքր թուլացնել այն տրանսպորտային ճանապարհը, որը անցնում է Իրանի տարածքով։ Իհարկե, դա կախված է մեզնից՝ թե ինչպես բարձրացնենք այդ ճանապարհի գրավչությունը, որպեսզի ավելի շատ երթևեկություն և փոխադրումներ իրականացվեն այս ուղով։

Միևնույն ժամանակ այստեղ կան այնպիսի կետեր, որտեղ մենք չենք կարող որևէ երկիր արգելել, քանի որ դա այդ երկրի տարածքում է, և նա իրավունք ունի կառուցել ճանապարհ։ Մինչ այդ ճանապարհը գտնվում է Հայաստանի լիակատար իշխանության տակ և ենթակա է նրա օրենքներին ու դատական լիազորություններին, այդ պատճառով միջազգային իրավունքից որևէ խնդիր առաջացնել հնարավոր չէ։

Մյուս մտահոգությունն էլ այն է, որ այս ճանապարհը կարող է օգտագործվել որպես պատճառ՝ ամերիկյան ուժերի ներկայություն ապահովելու համար տարածաշրջանում...

Շաբաթ նրանց (Հայաստանի-Խմբ.) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը զրուցել է Լարիջանիի հետ և մեզ վստահեցրել, որ նրանք կպահպանեն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերը, ծանոթ են այս գծերին և ապագայում նույնպես կհետևեն դրանց։ Նրանց վստահեցումը եղել է, որ այս ճանապարհի պատճառով ամերիկյան որևէ ուժ երբեք չի տեղակայվի Հայաստանում։ Նույնպես մեզ հստակ ասել են, որ այն ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերությունները, որոնք, ինչպես գիտեք, ներկայացել են մեր տարածաշրջանի որոշ երկրներում, այս ճանապարհի անվան տակ Հայաստանում չեն ներկայանա», - եզրափակել է Արաղչին։