Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից հնչեցված պնդումները երեք վիճելի կղզիների վերաբերյալ՝ վերահաստատելով Թեհրանի դիրքորոշումն առ այն, որ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների նկատմամբ իր ինքնիշխանությունը սակարկման ենթակա չէ։ Այս մասին Ղարիբաբադին նշել է X սոցիալական հարթակում։
«Իրանի կղզիների վերաբերյալ անհիմն պնդումները կրկնելը, նույնիսկ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, չի փոխում իրականությունը: Աբու Մուսան, Մեծ և Փոքր Թունբները Իրանի տարածքի անբաժանելի մասն են», - նշված է գրառման մեջ։
Ղարիբաբադիի խոսքով՝ «անհիմն պնդումները կրկնելու փոխարեն, էմիրաթցի պաշտոնյաները պետք է հետևեն բարիդրացիության պահանջներին և տարածաշրջանի պատմական ու իրավական իրողություններին»։
ԱՄԷ պետնախարար Խալիֆա Շահին ալ-Մարարը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում կրկին բարձրացրել է երեք վիճելի կղզիների հարցը։
«Մինչ Իրանը շարունակում է էմիրաթական երեք կղզիների՝ Մեծ Թունբի, Փոքր Թունբի և Աբու Մուսայի օկուպացիան, ինչը մենք մերժում ենք, Արաբական Միացյալ Էմիրությունները մշտապես կոչ է արել խաղաղ ճանապարհով կարգավորել այս հակամարտությունը՝ լինի դա ուղիղ բանակցությունների, թե Արդարադատության միջազգային դատարան դիմելու միջոցով»,- ասել է ալ-Մարարը։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող երեք կղզիների շուրջ վեճը սկիզբ է առել 1971 թվականին։ Իրանական ուժերը վերահսկողություն են հաստատել կղզիների նկատմամբ այն ժամանակահատվածում, երբ Մեծ Բրիտանիան դեռ չէր հեռացել տարածաշրջանից, իսկ ԱՄԷ-ն դեռ պաշտոնապես չէր ձևավորվել որպես դաշնություն։
Աբու Դաբին պարբերաբար վիճարկում է Իրանի վերահսկողությունը՝ պնդելով, որ կղզիները գրավվել են ապօրինի կերպով, և միջազգային հարթակներում կանոնավոր կերպով կոչ է անում անցկացնել ուղիղ բանակցություններ կամ հարցը լուծել Արդարադատության միջազգային դատարանի միջոցով։
Թեհրանը մշտապես մերժել է երկու տարբերակն էլ՝ պնդելով, որ կղզիներն իրանական տարածքի անբաժանելի մասն են և ենթակա չեն միջազգային արբիտրաժի։



