Իրանի իշխանությունները պատրաստ են ամեն հարցով զիջման գնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Սպիտակ տան ղեկավարն այսպիսի համոզմունք է հայտնել իր Truth Social սոցիալական ցանցում։
«Իրանն այժմ իմ «թակարդում է» և հոգեվարքի մեջ է. նրանք պատրաստ են ցանկացած զիջման։ Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ է, որ Թեհրանն այսպիսի ահռելի հարգանք է տածում Միացյալ Նահանգների և նրա նախագահի՝ իմ հանդեպ։ Ու հենց այս պահին ԱՄՆ Սենատը որոշում է ռազմական լիազորությունների մասին օրենքի շուրջ բացարձակապես անժամանակ ու անիմաստ քվեարկություն անցկացնել։ Դրանով նրանք աշխարհի թիվ մեկ ահաբեկչական հովանավորին ազդակ են հղում, թե իբր Միացյալ Նահանգներին դուր չի գալիս այն, ինչ ես անում եմ Իրանի հետ, և որ ես պետք է դադարեցնեմ իմ քայլերը։ Սա ոչ այլ ինչ է, քան օգնություն ու թիկունք թշնամուն», — գրել է երկրի ղեկավարը՝ մեկնաբանելով սենատորների ընդունած այն բանաձևը, որով նախագահին կոչ է արվում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։
Նա նաև հավելել է, որ քվեարկության ժամանակ բանաձևին կողմ են արտահայտվել «չորս ձախողակ հանրապետականներ»։
«Այդ սենատորները միայն բարդացրին իմ գործը, բայց ես, մեկ է, իմ ուզածին կհասնեմ, որովհետև ես միշտ ավարտին եմ հասցնում այն գործը, որը սկսում եմ» — եզրափակել է Թրամփը։



