Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծաց...

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշում է, որ Իրանից ավելի մեծ ծավալներով գազի ներկրման հիմնական խոչընդոտն առկա ենթակառուցվածքների թողունակությունն է։ 

ՀՀ ՏԿԵ նախարարն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների մեծացման հնարավորություններին ու կարողություններին։ 

Անդրադարձ կատարելով հարցին, թե կա՞ արդյոք քննարկում Իրանի հետ ավելի մեծ ծավալներով գազի ներկրման վերաբերյալ՝ ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանը իրականացնում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ 

«Այդ ծրագիրը մենք իրականացնում ենք այն ծավալով, որքան հնարավորություն են տալիս առկա ենթակառուցվածքները։ Վստահաբար, երբ մեր էներգոհամակարգը հնարավորություն տա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան, մենք ավելի մեծ ծավալով կկարողանանք գազ ներկրել»,-նշեց Խուդաթյանը։ 

Նախարարն, այդուհանդերձ, նկատեց, որ հայաստանյան բաժանորդներին գազամատակարարումն իրականացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, հետևաբար մեկը մյուսի հետ կապելու այդքան շատ եզրեր էլ չկան։ 

«Մենք Իրանից ստացած գազն, այնուամենայնիվ, բաժանորդներին ուղիղ եղանակով չենք էլ կարող հասցնել։ Իրանից ներկրվող գազի ծավալների մեծացման համար հիմնական խոչընդոտն առկա ենթակառուցվածքների քիչ թողունակությունն է, իսկ մենք աշխատում ենք այդ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ»,-եզրափակեց ՏԿԵ նախարարը։