Իրանի ճանապարհաշինական ընկերությունները նույն...

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկայի և ռազմավարական մոտեցումների շուրջ է ejc.am -ի հերթական հարցազրույցը Հայաստանում Իրանի  Արտակարգ և լիազոր դեսպան  Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։   

-Հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալների ավելացման նպատակով, արդյոք լիարժեք ուսումնասիրված է հայկական շուկայի պահանջարկը։  Ի՞նչ ռազմավարություն ունի Իրանն այս առումով։

-Վերջին տարիներին, Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները շարունակաբար աճել են և նախորդ տարի գերազանցել են 700 միլիոն դոլարը:

Որպես դիվանագիտական ներկայացուցչություն  մենք ուղղակիորեն ներգրավված չենք առևտրային գործունեության մեջ, մեր պարտականությունը, ինչպես պետական այլ կառույցներինը, տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի ոլորտում հարաբերությունների զարգացման համար հող նախապատրաստելն է:

Ակնհայտ է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության հիմնական բեռը մասնավոր հատվածի վրա է: Իհարկե, զգալի ազդեցություն ունեն նաև պետական կառույցները, որոնք կարող են երկու երկրների միջև գործարար հարաբերությունների արագ կերպով ընդլայնման համար պայմաններ ապահովվել: Դրան կարելի է հասնել մի քանի եղանակով:

Առաջին՝ կողմերի միջև առևտրային պայմանագրերի առկայություն։ Մենք ականատես եղանք, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի ստորագրումը հստակ ազդեցություն ունեցավ մեր միջև ապրանքաշրջանառության մակարդակի ավելացման վրա: Այդ իսկ պատճառով, հուսով ենք, որ կողմերի միջև նոր պայմանավորվածությունների ձեռք բերումը և ավելի մեծ թվով  ապրանքատեսակների առևտրի  դյուրացումը մեծ թափ կհաղորդի մեր առևտրային հարաբերություններին:

Երկրորդ ՝ երկու երկրների միջև առևտրի ենթակառուցվածքների այդ թվում՝ ավելի լավ տրանսպորտային ուղիների կամ բանկային փոխգործակցության ավելի լավ եղանակների ապահովում: Սա այն խնդիրներից է, որի առնչությամբ, կարծես թե, ավելի շատ անելիքներ կան։

Մեր օրակարգում ընդգրկված են նաև առևտրի դյուրացման նպատակով  համատեղ միջոցառումների իրագործման հարցը, այդ թվում՝ճանապարհային վճարների նվազեցումը կամ վերացումը, սահմանային անցակետերի արդիականացումը, ինչպես նաև առևտրային գործընթացների սահուն կերպով իրականացումը և երկու երկրների տնտեսվարողների միջև տարաձայնությունների լուծման մեխանիզմների ստեղծումը: Այս ոլորտում ևս իրականցվում են համատեղ աշխատանքներ:

Եվ որպես մեկ այլ կարևոր հարց, պետք է մատնանշեմ մեր պարտականությունը՝ փոխանակելիության մակարդակը բարձրացնելու հարցում։ Դիմացինի ներուժի վերաբերյալ կողմերի ճանաչողության մակարդակի բարելավումը կնպաստի առևտրի ծավալների ընդլայնմանը: Այս համատեքստում կարևոր են մասնագիտական խորհրդակցությունները, պատվիրակությունների փոխայցերը, միմյանց ցուցահանդեսներին մասնակցելը և տարբեր շուկաների պայմանների և արագ ընթացող զարգացումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալը։ Մենք նաև մեծ ջանքեր ենք գործադրել այս ոլորտում և հուսով ենք, որ այդ ջանքերը կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների բարելավմանը և առևտրի ընդլայնմանը։

 -Հայ-իրանական գազային պայմանագրի երկարաձգումը և՞ս դիտարկվում  է տնտեսական ռազմավարության համատեքստում։ 

-Իրանի տրամադրության տակ է գտնվում աշխարհի ամենամեծ գազի պաշարներից մեկը և մենք ապացուցել ենք, որ այլ երկրների համար  էներգիայի վստահելի մատակարարող ենք։ Էներգիայի փոխանակումը   Իրանից Հայաստան գազի արտահանման և Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի ներմուծման տեսքով, Իրան-Հայաստան ռազմավարական և տնտեսական կարևոր կապերից է և մենք շահագրգռված ենք դրա շարունակականությամբ և խորացմամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ կողմերը կարողացան  համաձայնության գալ էներգիայի փոխանակման ծրագրի ընդլայնման և երկարաձգման վերաբերյալ։

-Կապանում  Իրանի  հյուպատոսության բացումն ավելի շատ տնտեսակա՞ն թե՞ քաղաքական նպատակ ունի։

-Առաջին անգամ Իրանը և Հայաստանը շուրջ 15 տարի առաջ են ստորագրել փաստաթուղթ, որով համաձայնել են Կապանում և Թավրիզում փոխադարձաբար գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու որոշումը վկայում է կողմերի՝ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ցանկության և կամքի մասին։ Գլխավոր հյուպատոսությունների գործունեության էությունը հաճախ երկու կողմերի քաղաքացիներին և, հատկապես, տնտեսվարողներին ծառայություններ մատուցելն է։ Սյունիքի մարզը երկու երկրների միջև առևտրի իրականացման և  երկու երկրների մարդկանց  միջև կապերի հաստատման և փոխգործակցության ուղի է, հատկապես՝ զբոսաշրջության տեսանկյունից։ Իհարկե, վերջին տարիներին առաջ եկած հանգամանքները մեծացրել են մարզի կարևորությունը և մենք Սյունիքի մարզում և երկու երկրների ընդհանուր սահմանին ունենք շատ կարևոր ընդհանուր շահեր։

-Խնդրում եմ անդրադառնալ հյուսիս-հարավ մայրուղու Սյունիքի  Քաջարան-Սիսիան ճանապարհին շինարարական աշխատանքներին։ Միանշանակ է, որ մինչև Իրանի սահման արագընթաց, ապահով  ճանապարհ ունենալն  օրակարգային է երկու կողմերի համար։

-Տեղյակ եք, որ շատ մեծ կարևորություն ունեցող հյուսիս-հարավ մայրուղու ծրագրի վերաբերյալ որոշումը կայացվել է  ՀՀ կառավարության կողմից։ Ելնելով ազգային նկատառումներից և ճանապարհի ռազմավարական և տնտեսական նշանակությունից, ինչպես նաև հաշվի առնելով ֆինանսական պայմաններն ու պետական բյուջեն ՝ ՀՀ կառավարությունը ձգտում է հնարավորինս արագ կերպով իրականացնել այս ծրագիրը։ Անցած տարիների ընթացքում մայրուղու տարբեր հատվածների ֆինանսավորման եղանակների առնչությամբ տարբեր որոշումներ են կայացվել։ Իհարկե, մենք մի քանի տեսանկյունից ենք ուշադրության արժանացնում այս ծրագիրը։ Մենք քաջատեղյակ ենք երկու երկրները կապող պատշաճ մայրուղի ունենալու ռազմավարական և տնտեսական կարևորության մասին և, իհարկե, այն մասին, որ Իրանի ճանապարհաշինական ընկերությունները նույնպես հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին մասնակցելու հնարավորությամբ, այդ թվում՝ հյուսիս-հարավ  մայրուղու։ Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատվածների՝ այդ թվում Քաջարանի թունելի առնչությամբ նոր գաղափարներ են հնչեցվել և գտնվում են ուսումնասիրման փուլում։