
Կահիրեում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Եգիպտոսի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Արաղչին նաև հանդիպել և բանակցություններ է վարել իր եգիպտացի գործընկեր Բադր Աբդ ալ-Ատիի հետ։
Եգիպտոսի նախագահի գրասենյակի տեղեկացմամբ՝ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները։ Նախագահ Սիսին հաստատել է Եգիպտոսի դիրքորոշումը՝ մերժելով հակամարտության շրջանակի ընդլայնումը տարածաշրջանում։ Նա ընդգծել է իրավիճակն ապաէսկալացնելու անհրաժեշտությունը՝ համապարփակ տարածաշրջանային պատերազմը կանխելու համար, որը լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների անվտանգության համար։ Այս համատեքստում նա ընդգծել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցությունների կարևորությունը։
Եգիպտոսի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ նախագահ Սիսին ընդգծել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի և մարդասիրական օգնության տրամադրման անհրաժեշտությունը:
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել Եգիպտոսի դերը տարածաշրջանային կայունության վերականգնման գործում՝ ընդգծելով իր երկրի պատրաստակամությունը՝ առաջիկայում շարունակելու խորհրդակցությունները երկու երկրների միջև։
Արաղչին նաև հանդիպումներ է ունենալու Եգիպտոսի քաղաքական և տնտեսական վերնախավի այլ ներկայացուցիչների, ինչպես նաև այնտեղ բնակվող մի շարք իրանցիների հետ։
Արաղչին Կահիրե է ժամանել հունիսի 1-ի երեկոյան։ Քննարկման օրակարգում են երկկողմ հարաբերությունները և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վերջին զարգացումները, այդ թվում՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում շարունակվող պատերազմը։
Սա Արաղչիի երրորդ այցն է Եգիպտոս 2024 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր։