Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա

ԱՄՆ-Իրան բանակցություններում իրանական կողմի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել են Դոհա՝ Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամմադ բին Աբդել Ռահման ալ-Թանիի հետ բանակցությունների վարելու նպատակով։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

Այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հնարավոր համաձայնագիր կնքելու շրջանակում։

Հանդիպման օրակարգի հիմնական թեմաների առանցքում կլինեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները։

Տեղեկությունների համաձայն՝ իրանական պատվիրակության կազմում է նաև Իրանի Կենտրոնական բանկի նախագահը: Նա, ինչպես սպասվում է, կմասնակցի վերջնական համաձայնագրի շրջանակներում իրանական ակտիվների հնարավոր ապասառեցման վերաբերյալ քննարկումներին: