
ՀՖՖ դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում, շատ դեպքերում մեղադրանքներն ու ասեկոսները կապ չունեն իրականության հետ: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Նա միաժամանակ նշեց, դա չի նշանակում՝ իրենց աշխատանքն իդեալական է, չկա քննադատություն. «Կա քննադատություն բավական չափով։ Կառուցողական քննադատություն էլ կա»։
Խոսելով Վրաստանի ազգային հավաքականից կրած վերջում երկու պարտությունների մասին՝ Մելիքբեկյանն ասաց. «Հասկանում ենք, որ դրանք ծանր պարտություններ են խոշոր հաշվով՝ հաշվի առնելով, որ վերջին երկու տարում մենք ոչ մի խոշոր հաշվով պարտություն չենք ունեցել։
Ֆեդերացիայի ողջ անձնակազմը, ֆուտբոլիստները, ծանր ենք տանում այս պարտությունները, շատ ավելի ծանր, քան շատերը, ովքեր դրանց մասին անընդհատ գրում են։ Իրականում կա մի զանգված, որը շատ ուզում է այդ պարտությունները տեսնել, որպեսզի քննադատության հերթական առիթը հանդիսանա։
Մենք հանդիպել ենք, քննարկել ենք խնդիրները։ Նորանշանակ մարզչին ժամանակ է պետք, բայց նա արդեն որոշ լուծումներ է առաջարկել, տվել գալիք անելիքները ծրագրերը»։
Մելիքբեկյանը նշեց, որ երիտասարդական հավաքականը նախորդ ընտրական փուլը ձախողել է. «Բոլորի գնահատականներով ձախողել ենք և դա ընդունում եք»։