Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․«Բաղրամյանը փակողների մեջ քոչարյանական ակտիվիստները, կներեք, վխտում են։ Բուքմեյքերները իրենց կոնստրուկտիվ են դրսևորում, իսկ քոչարյանականները իրավիճակի լարմանն են տանում»,- գրել է Իոաննիսյանը ապա քիչ հետո ավելացրել. «Բուքմեյքերները դիմեցին ոստիկաններին, որ սադրիչներին (քոչարյանական) բերման ենթարկեն»,- գրել է Իոաննիսյանը։
Politik.am-ի հետ զրույցում Իոաննիսյանը հայնեց, որ բուքմեյքերների ակցիայի մասնակիցների թվում կային մարդիկ, որոնց իրենք տեսել են ինչպես Ռոբերտ Քոչարյանի դատական նիստերի ժամանակ վերջինիս սատարողների շարքերում, այնպես էլ Դաշնակցության հանրահավաքին.
«Այդ մարդկանց մի մասը առավել ագրեսիվ պահվածք էր դրսևորում: Իմ ներկայությամբ բուքմեյքերներից ոմանք մոտեցան ոստիկաններին` խնդրելով քոչարյանական ակտիվիստներին բերման ենթարկել, քանի որ նրանք սադրանքներ են փորձում առաջացել»:
Իոաննիսյանը չի բացառում, որ այդ մարդիկ մասնակցում են տարբեր ակցիաների` հրահրելու կամ սադրանքներ առաջացնելու նպատակով:
Հարցին, թե լուսանկարներ կհրապարակվե՞ն, Իոաննիսյանը պատասախանեց, որ «Փաստերի ստուգման հարթակը» որոշակի աշխատանքներ կատարել է, սակայն չգիտի, թե դրանք ինչով կավարտվեն:



