Իոաննիսյանը չի բացառում, որ իրեն դատի տալը ու...

«Հանրապետական իշխանության ժամանակ ՀՀԿ-ի կողմից կազամակերպված՝  30 դպրոցների տնօրեններ մեր դեմ հայցեր էին ներկայացրել: Պահանջում էին դատական ծախսերի հետ միասին 65 մլն դրամ, այն էլ մի շրջանում, երբ դատարաններն ամբողջությամբ կայացնում էին այն որոշումները, որոնք անհրաժեշտ էին իշխանությանը: Եթե մենք այդ ամենից չվախեցանք, ապա այս 3 պարոնների կողմից ներկայացված հայցադիմումները, որոնք ակնհայտ անհիմն են, և վստահ ենք՝ մերժվելու են դատարանի կողմից, մտահոգվելու որևիցե առիթ չեն տալիս: Հակառակը՝  պահանջելու ենք, և իրենք ստիպված են լինելու վճարել մեր դատական ծախսերը»,- այս մասին Poliitik.am-ի իր դեմ ներկայացված հայցադիմումների մասին ասաց Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանը:

Տեղեկացնենք, որ երեկ նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ իրեն դատի են տվել Արթուր Վանեցյանի 3 ընկերները՝  Վահե Հակոբյանը, Բաբկեն Ղազարյանն ու Արշակ Հակոբյանը: 

Անդրադառնալով հայցադիմումներին Իոաննիսյանը հայտնեց, որ Արշակ Հակոբյանի ներկայացրածը նույնն է՝  ինչ Բաբկեն Ղազարյանի դեպքում: Հիշեցենք՝  Ղազարյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին՝  նրա որոշ հայտարարություններ համարելով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող:

«Մի փոքր անհասկանալի է Վահե Հակոբյանի ներկայացրածը, քանի որ նա երկար ժամանակ փորձում էր մեզ դատի տալ. բայց հայցադիմումի մեջ ինչ-որ տեխնիկակակն սխալի պատճառով դա իրենց մոտ չէր ստացվում: Դեռ հայցադիմումը չեմ տեսել, բուն հայցային պահանջին տեղյակ չեմ: Էլի զրպարտության գործ է, բայց թե կոնկրետ ինչ՝ մանրամասները չգիտեմ»,- նկատեց Դանիել Իոաննիսյանը:

Վերջինս նաև չբացառեց, որ այս գործերը հանրավոր է՝  ուղղորդված լինեն ԱԱԾ պետի կողմից՝  միտում ունենալով ճնշում գործադրել.

«Ինձ մոտ տպավորություն կա, որ այս 3 հայցադիմումները  ուղղորդված են Արթուր Վանեցյանի կողմից: Ես երեկ նաև հրապարակեցի, թե այդ երեք պարոնները ինչ հարաբերություններ ունեն Արթուր Վանեցյանի հետ, ինչ են առհասարակ արել նրա հետ, ովքեր են նրանք, ինչ արժանիքներ ունեն և այլն»,- ամփոփեց նա: