
United Airlines ավիաընկերության դեպի Նյու Ջերսի չվերթում ոմն տղամարդ տեղափոխվել է ազատ նստատեղի վրա և հարձակվել կողքին նստած կնոջ վրա, գրում է Miami Herald-ը՝ վկայակոչելով դաշնային դատախազությանը։
Ըստ դատական փաստաթղթերի, Նյու Յորք նահանգի 30-ամյա բնակիչ Ռայան Մանուելլան 2021 թվականի ապրիլի 26-ին Դենվեր-Նյուարկ չվերթի ժամանակ տեղաշարժվել է ինքնաթիռում և տարբեր նստատեղերի վրա նստել։
Պատուհանի մոտ նստած կնոջ կողքին նստելուց առաջ տղամարդը նրա շարքում նստել է միջանցքի մոտի նստատեղին՝ մի տղամարդու կողքը, որը տեղից վեր է կացել զուգարան գնալու համար, ասվում է դատարանում ներկայացված քրեական հայցադիմումում։
Այնուհետև նա փորփրել է տղամարդու պայուսակը և վերցրել նրա ակնոցը, իսկ տղամարդու վերադառնալուց հետո ասել է նրան, որ հեռանա: Այնուհետև Մանուելլան տեղափոխվել է կնոջ կողքի ազատ մեջտեղի նստատեղը:
Ինչ-որ պահի նա «ձեռք է գցել կնոջ աճուկին և ազդրին, առանց նրա համաձայնության», ասվում է քրեական հայցադիմումում։
Կինը, որը Մանուելային հրամայել է անհապաղ հեռանալ իրենից, անմիջապես ահազանգել է բորտուղեկցորդուհուն, որը նախքան ինքնաթիռի Նյուարկում վայրէջք կատարելը սանձարձակ ուղևորին տեղափոխել է այլ տեղ:
Մանուելլան հարձակման համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, հայտնել է Նյու Ջերսիի շրջանային դատախազությունը: Նրա դեմ առաջադրված մեղադրանքը նախատեսում էր առավելագույնը 10 տարվա ազատազրկում, համաձայն մեղքի ընդունման մասին համաձայնության։