Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանը, որվ երեկ չընտրվեց այդ պաշտոնում, ֆեյսբուքյան իր էջում այլաբանորեն փորձել է ներկայացնել Ազգային ժողովում երեկ կայացած քննարկումը.
«Առավոտյան շուտ արթնացա, պատրաստեցի սուրճը, միացրեցի Հախվերդյանի «Նորից բացվում է առավոտը» երգը։ Մի քիչ լսելուց հետո փորձեցի իմաստավորել երեկվա իմ օրը՝ 2019 թ․ մայիսի 29-ը։ Ինձ թվաց, թե անցել եմ խաչաձև հարցաքննություն իտալական կաթոլիկ եկեղեցու ինկվիզիցիոն դատարանով, որում ինձ մեղադրում էին «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգերի գիտական տապալման», «Գ․ Հարությունյանի և Հ․ Թովմասյանի՝ նախկին իշխանությունների օրոք հենց այդ իշխանությունների հասցեին ուղղված քննադատության» համար։
Ես պետք է ընտրեի կեցվածք, նույն Իտալիայի օրինակով՝ Գ․ Գալիլեյ, թե՞ Ջ․ Բրունո։
Ես ընտրեցի մասնագիտական արժանապատվությանը հարիր Բրունոյի կեցվածքը, չդվաճանելով իրավագիտությանը՝ բարու և արդարի մասին արվեստին։
Հիմա մտորում եմ «Ո՛վ հայ ժողովուրդ, ո՞րն է քո փրկությունը․․․»։ Ես առայժմ չունեմ այդ հարցի գիտական պատասխանը։ Հոգեբանական առումով երևի թե «հպարտ»։ Նավի մասին մտորում եմ ․․․», - գրել է Արթուր Վաղարշյանը:



