Ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանն է, Ար...

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով ներիշխանական ինտրիգներին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացած և հեռացված պատգամավորներին, նշեց՝ ինքն առավել քան տեղեկացված է ՔՊ-ում կատարվող իրադարձություններից։

Հարցին ի պատասխան, թե ովքե՞ր են այդ տեղեկատուները, նա պատասխանեց․ «Անդրանիկ Քոչարյանը, ժամանակին բեղավոր էր, հետո՝ մորուք պահեց․․․ Անդրանիկ Քոչարյան, մի ճաղատ, մորուքով ու ակնոցով մեկը կա՝ Արթուր Հովհաննիսյանը, ում դատի ենք տվել, Արփի Դավոյանը»։

Ի դեպ, ավելի վաղ տեղեկացել ու տեղեկացրել էինք, որ ժամանակին՝ մինչև «Տավուշը հանուն հայրենիքի» պայքարի մեկնարկը, Բագրատ Սրբազանը ջերմ հարաբերություններ է ունեցել իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, և, որ շարժումից հետո էլ ուղիղ ու միջնորդավորված՝ տարբեր ՔՊ-ականներ էին փորձում կապի դուրս գալ Սրբազան հոր հետ։ Այս առնչությամբ այսօր Բագրատ Սրբազանից ճշտեցինք՝ արդյոք այդ մարդիկ այս ընթացքում փորձե՞լ են զրուցել իր հետ։

«Իրենք լիառատ օգտվել են մեր հյուրընկալությունից, և փոքր, մեծ ծավալով բանակցություններ տեղի են ունեցել։ Ես անձնապես այս ընթացքում շփման մեջ չեմ՝ հասկանալով, որ նույնիսկ երրորդ, չորրորդ անձերով միջնորդավորված հարաբերությունները ծանր են արժենանում,- ի պատասխան՝ նշեց Բագրատ արքեպիսկոպոսը, ապա բացելով փակագծերը՝ հիշեց մի քանի անուններ, որոնց հետ ինքը ժամանակին ջերմ հարաբերություններ է ունեցել,- Շիրակ Թորոսյան, Ռուստամ Բաքոյան, հենց նույն այդ բեղավոր-մորուքավոր մարդը՝ Անդրանիկ Քոչարյանը, որն  ինձ բառացիորեն աղաչում էր ռազմական դոկտրինի համար հայեցակարգ պատրաստել»:

Արդյոք պաշտոնազրկումից հետո Վահե Ղազարյանն իր հետ կապ հաստատե՞լ է՝ այս հարցին անդրադառնալով էլ՝ Սրբազանը նշեց․

«Ոչ, կարիք չկա։ Թող Վահե Ղազարյանն իրեն հարց տա՝ որտե՞ղ է հիմա, երբ մենք ասում էինք՝ սիրելի ոստիկաններ, ներառյալ՝ ՆԳ նախարար, իրավունք չունեք այսպիսի ծառայության ու գերության մեջ գտնվել․ այս մարդը բոլորիդ օգտագործում է իր չարիքի ծրագրերի, նպատակների համար, բոլորիդ օգտագործելու ու դեն է նետելու՝ մեկ վայրկյան չի մտածելու, տեսեք՝ ինչ ձևով՝ «SMS»-ներով, այդ ամբողջ անցած ծառայություն, ընկերություն, եղբայրություն, իրար հետ դժվարություններ անցած․․․ մի վայրկյան է տևել ընդամենը։ Սա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է․ որևէ մեկի համար պատկերացնելի չէ դա»։

Մանրամասները՝ տեսանյութում