Ինչու պղծվեց Գանդիի արձանն ու դա ինչքանով վնա...

Ինչպես հայտնի է, Երեւանում մղծվել էր Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին հայկական մեդիայում լուրը հրապարակվեց ապրիլի 29-ին։

Ըստ ՀՀ Ոստիկանության տարածած հայտարարության, Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել էր, որ վնասել են Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը: Եվ ահա, այսօր հայտնի դարձավ, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Ու մինչ նախաքննությունը շարունակվում է, հարգելով հանդերձ անմեղության կանխավարկածը, անդրադառնանք արարքի որոշ ենթաշերտերի։ Մահաթմա Գանդին համարվում է Հնդկաստանի անկախության կերտողը, ժամանակակից հնդկական պետության հայրը։ Այսքանը թերեւս պետք է լինի բավարար հասկանալու համար, թե Հնդկաստան պետության եւ մեկ միլիարդի հասնող հնդիկ ժողովրդի համար Գանդին ինչ արժեք ունի։

Երբ Երեւանում հայտնի դարձավ, որ բավական լուռումունջ կերպով տեղադրվել էր Գանդիի արձանը, հատկապես հայկական սոցկայքային սեգմենտներում հատկապես շեշտադրվեց այն, որ Գանդին ունեցել է թուրքամետ կեցվածք։ Սա իր հերթին բերեց նրան, որ սկսվեց այսպես ասած տեղեկատվական «սեւ PR» արշավ Գանդիի ու Գանդիի արձանի հետ կապված, այդպիսով ստեղծելով պարարտ հող, եւ համապատասխան էմոցիոնալ ֆոն որպեսզի նման հանցարարք կատարվի։

Երեւի թե, երբ գործի նախաքննությունն ավարտվի, իմանանք, թե հանցագործության ենթադրյալ կատարողը ինչ շարժառիթներից դրդված է կատարել այդ հանցարարքը։ Սակայն ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ հայաստանյան հասարակության մեջ ներկայիս հետպատերազմական գերլարված հոգեբանական վիճակը, էմոցիոնալ-հուզական գերզգայունությունը ուոշ թեմաների հետ կապված հաշվի առնելով, պետք է ցուցաբերել զգուշություն, անհարկի կերպով կրքեր չբորբոքելու եւ ավելորդ տեղը աշխարհում «արձան պղծողի» կերպարով չներկայանալու համար։

Ի վերջո, Հայաստանը մշտապես աչքի է ընկել որպես ապահով, անվտանգ ու մշակութահարգ երկիր, ու պատիվ չի բերում մեզ համար բարեկամ ժողովրդի առաջնորդի հուշարձանի հանդեպ նման վերաբերմունքը, անկախ վերջինիս հայացքներից։ Ի վերջո, եթե մենք պղծում ենք Գանդիի արձանը, այն բանի համար օրինակ, որ նա եղել է թուրքամետ կեցվածք ունեցող, դրանով ինչ որ իմաստով լեգիտիմացնում ենք ռուսական եւ ադրբեջանական որոշ շրջանակներին, որոնք պայքարում են Գարեգին Նժդեհի, նրա ժառանգության ու Նժդեհի արձանի դեմ, նրան համարելով կապված ֆաշիստական Գերմանիայի հետ։

Ավետ Սահակյան