ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովմ...

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3323 ընտանիք (13308 անձ), որից 1237-ն (5333 անձ) արդեն իրացրել են հավաստագիրը։

Նախարարությունից հիշեցնում են, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

  • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
  • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
  • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

  • տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո.
  • ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
  • չունեն սեփականություն.
  • չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։