Ինչու՞ իրավապահներին չհետաքրքրեց, թե ինչու են...

Այստեղ, ընդհանրապես, իմ անձնական կարծիքով գործը սկսվեց այն պահից, երբ որ մարդիկ, պաշտոնյաներ սկսեցին քննարկել, մեկը կալանք է քննարկում, մեկը, չգիտեմ, լիցենզիայի զրկում է քննարկում, այնպիսի մի մարդու, ամենայն հարգանքով ու դա փաստ է, ես իմ մասին եմ կարող ասել, ուրեմն այդ մարդու կատարած  աշխատանքի 1% չեն կատարել։ Այս մասին ՀԾԿՀ նիստի ընթացքում ասել է ՀԷՑ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը:

«Ձեզ խաբել են, հարգելի քաղաքացիներ։ Ձեզ ներկայացրել են, որ ՀԷՑ-ը ճգնաժամում է, որ կան միլիարդավոր չարաշահումներ, բայց որևէ մեկը մեղադրյալ չի ներգրավվել։ Դա արվել է ընդամենը երկու նպատակով՝ ճնշում գործադրելու Սամվել Կարապետյանի վրա կամ նրան բանակցությունների դաշտ բերել»,- նշել է Ղազինյանը։

Նա ընդգծել է, որ տարիներով ձևավորված անկախ մարմինների ինստիտուտը և ներդրումների անվտանգությունը ապահովող մեխանիզմները «վերացվում են», իսկ գործընթացների նպատակը ՀԷՑ-ը քաղաքական նպատակներով կառավարելի դաշտ տեղափոխելն է։

Ղազինյանի պնդմամբ՝ «հոսանքազրկումների» թեման ևս շահագործվում է՝ ստեղծելու այն տպավորությունը, թե ընկերությունում տեղի ունեցող տեխնիկական խնդիրները քրեական գործերի առիթ են։ «Մեր օրոք մի տեղ հոսանք էր գնում՝ մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էր արձագանքում։ Հիմա հոսանքազրկումները փորձում են վերագրել քրեական գործերի։ Ձեզ խաբել են»,– ասաց նա։ Նա նաև նշեց, որ ՀԷՑ-ում նախկինում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մինչդեռ այսօր կառավարման մեջ, ըստ նրա, գերակշռում են «ներքուստ իշխանությանը մոտ կանգնած անձինք»։

Խոսելով հանձնաժողովի սպասվող որոշման մասին՝ Ղազինյանը ընդգծեց, որ այն «արդեն ընդունված է», և իր ներկայության նպատակը երեք օրվա ընթացքում ընթերցողների և քաղաքացիների ուշադրությանը ներկայացնելն է, որ ամբողջ գործընթացը քաղաքականապես պայմանավորված է։

«Խնդրում եմ, այլևս չխաբնվել ու իրերը կոչել իրենց անուններով»,- եզրափակել է նա։

Նշենք, որ այս պահին ՀԾԿՀ-ն քննարկում է ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը: