Ինչու են ՀՀ բանկերը սահմանափակումներ մտցրել կ...

Օրերս ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ Հայաստանի որոշ բանկեր դադարեցրել են կանխիկ ռուբլով գործառնությունները, այդ թվում՝ դրանց մուտքագրումը հաշիվներին: Նշվում է, որ անկանխիկ հաշվարկները շարունակում են իրականացվել նախկին պայմաններով:

Այս կապակցությամբ NEWS.am-ը դիմել է Հայաստանի բանկերի միություն՝ փորձելով հասկանալ նման սահմանափակումների պատճառները:

Միությունից մեզ հայտնեցին, որ հայաստանյան առևտրային բանկերի կողմից կանխիկ ռուբլով գործառնությունների սահմանափակումը կապված է Ռուսաստանում կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումների հետ: Միությունից հավելեցին, որ սահմանափակումները տարածվում են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների վրա:

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի (ԵԱՏՄ երկրներ) բանկերը նույնպես սահմանափակել են հաշիվներին ռուբլու մուտքագրումը:

Հայաստանի Կենտրոնական բանկից ավելի վաղ հայտարարել էին, որ կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումների վերաբերյալ որոշումներ չեն ընդունել. առևտրային բանկերն նման որոշումներն ընդունում են ինքնուրույն: Դա վկայում է նրա մասին, որ հայկական բանկերի որոշումը եղել է արձագանք Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներին, այլ ոչ թե միակողմանի միջոցառում ռուսական արժույթի նկատմամբ:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ նման գործընթացները կարող են տեղավորվել արժութային շուկայում վերահսկողության շրջանակում: Նա հիշեցրել էր, որ սովորաբար նման միջոցներ ձեռնարկվում են արժութային շուկայում ռիսկերի ժամանակաշրջանում՝ անկայունության սպառնալիքի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման սպառնալիքի դեպքում:

Բանկերն արդեն ծանուցել են հաճախորդներին ռուբլով գործառնությունների պայմանների փոփոխության մասին՝ ներդնելով տարբեր սահմանափակումներ՝ կանխիկի ընդունման ժամանակավոր դադարեցումից մինչև ընթացիկ հաշիվներին կանխիկ միջոցների մուտքագրման համար միջնորդավճարների սահմանում:

Փոփոխությունները կապված են կանխիկ ռուբլու ավելցուկի հետ, որի սպասարկումը թանկ է նստում բանկերի վրա: