Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Արաբկիր վարչական շրջանի Քննչական բաժնում էր «Ադեկվադ» ՀԿ անդամ Արթուր Դանիելյանը: Վերջինս քիչ առաջ «Ադեկվադ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ միասին «Ադեկվադ» ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրեց մանրամասները:
Նրանց խոսքով՝ «Նիկոլի փնթի ռեպրեսիաները նոր փուլ են թևակոխում»: «Այս իշխանություններն արդեն ակնհայտորեն չեն խուսափում կիրառել իրենց տրամադրության տակ եղած ադմինիստրատիվ և ոչ ադմինիստրատիվ ռեսուրսի նույնիսկ ամենա ոչ ավանդական մեխանիզմները»,-ընդգծեց Տեր-Նակալյանը:
Արթուր Դանիելյանն էլ նշեց, որ մանրամասներ հայտնել չի կարող.«Իրականում շատ քիչ բան կարող եմ ասել, որովհետև կա նախաքննական գաղտնիքի մասին օրենք, և եթե դա խախտեմ, պատասխանատվության կանչելու իրական պատրվակ կստանան իշխանությունները»:
Փորձելով հնարավորինս հստակեցնել՝ Դանիելյանը նշեց.«Ճիշտ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հանցագործության մասին հաղրդում է ներկայացրել՝ պնդելով, որ իր հասցեին մահվան սպառնալիքներ են հնչեցրել...: Այո, ես ճանաչում եմ Գայանե Աբրահամյանին, անձամբ չեմ տեսել, բայց նա իմ ուշադրութայն կենտրոնում հայտնվեց երկու տարի առաջ, երբ պարբերաբար սկսեց արտատպել ադրբեջանական քարոզչության նյութերը: Այս մարդը հեղաշրջումից հետո դարձել է ԱԺ պատգամավոր և կատարում է Նիկոլի ֆաս հրահանգները»:
«Ադեկվադ»-ի անդամներն ընդգծեցին՝ իշխանությունը որդեգրել է ներքին թշնամիներ հռչակելու ու նրանց հերոսաբար հաղթելու որոշում:



