Ինչու է լկտիացել Իլհամ Ալիեւը․ ով է նրան «թեւ...

 Ինչպես հայտնի է «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» բարձրագոչ խորագիր կրող կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը ունեցած ելույթի ընթացքում բավական սուր արտահայտություններ արեց Ռուսաստանի հասցեին, ինչը կարելի է ընկալել որպես ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարում մտցնելու փորձ։ Մասնավորապես կրկին խոսվեց Շուշիի մերձակայքում հայտնաբերված «Իսկանդեր Մ»-ի պայթած հրթիռների մնացորդների մասին, ապա անդրադարձ կատարվեց հայ-ռուսական ռազմական համագործակցությանը եւ այլն։

Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանում մեդիա տիրույթում, լինի ադրբեջանալեզու կամ ռուսալեզու, շատ սահուն կերպով սկսվեց հակառուսական քարոզչություն։ Իհարկե, Բաքուն շատ զգուշավոր է իրականացնում այս ամենը, սակայն առկա է որոշակի հետեւողականություն եւ «վերեւից» եկած պատվեր՝ հատկապես ադրբեջանական մամուլի մասով, ինչը արտացոլվում է հակառուսական հրապարակումների շատանալով։ Դրանից հետո արդեն, Բաքվում ռուսական դեսպանատան մոտ այս օրերին տեղի ունեցավ բողոքի ցույց «Ռուսաստան՝ դուրս Ղարաբաղից», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Իվան գնա տուն» կարգախոսներով։

Ինքնին հասկանալի է, որ այնպիսի բռնապետական երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, հենց այնպես նման բողոքի գործողություններ տեղի չեն ունենում։ Բեմականացված այդ ցույցի ժամանակ մեղադրանքներ հնչեցին Ռուսաստանի հասցեին առ այն, որ Ռուսաստանը խաթարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ մշտապես հարուցում է խոչընդոտներ, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծվի։

Ցույցի ընթացքում չափազանց հետաքրքիր էր ոստիկանների պահվածքը։ Ադրբեջանական ոստիկանությունը, որը պատրաստ է զոհված ադրբեջանցի զինվորականի ծնողի ձեռքից խլել զոհվածի նկարն ու ջարդուփշուր անել, զարմանալի «ձեռնասունությամբ» գործնականում մեկ կողմ քաշված նայում էր ցուցարարներին, այդպիսով քաջալերերով ցուցարարների արմատական հայտարարություններն ու գործողությունները։ Թե այս բողոքի գործողությունը, թե մինչ այդ եղած գործողություններն ու հայտարարությունները հաշվի առնելով, կարող ենք ասել, որ Ադրբեջանն ըստ էության իրականացնում է բազմասպեկտ օպերատիվ գործողություն Ռուսաստանի դեմ։

Տելեգրամյան որոշ ռուսական ալիքներ արդեն իսկ ասում են, որ Բաքվի այդ կեցվածքը Միացյալ Նահանգների ուղղակի պատվերի իրականացումն է։ Որքան էլ սա համարենք ռուս-ամերիկյան առճակատման արձագանք, սակայն սա վտանգավոր է Արցախի եւ արցախահայության համար այն առումով, որ հնարավոր է Բաքուն փորձում է քայլ առ քայլ Արցախում հասնել իրավիճակի ապակայունացման։ Չմոռանանք, որ ադրբեջանական զինվորականությունը բավական լկտի է սկսել պահել վերջին շաբաթներին՝ իրավիճակի ապակայունացման սադրանքներ կատարելով Արցախում։ Ռուսաստանն իհարկե, կպատասխանի, եւ Ալեքսանդր Դուգինի վերջին հայտարարությունները այդ պատասխանի նախերգանքը կարելի է համարել, սակայն, եւ չպետք է մոռանալ, ու Բաքվի բռնապետ Իլհամ Ալիեւը նման քայլի երբեք չէր գնա առանց Թուրքիայի աջակցության, իսկ Անկարան էլ՝ Լոնդոնի «քավորության»։