Ինչպես դուրս գալ մեծ ուժերի բախումից․ Նարեկ Կ...

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթում հնչեց մի կարևոր քաղաքական միտք, որը կարող է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության համար շատ ավելի լայն նշանակություն ունենալ։ Կարապետյանն ըստ էության տարանջատեց երկու տարբեր գործընթաց՝ եվրոպական կայացած ինստիտուտների փորձի տեղայնացումը և Եվրամիությանն անդամակցությունը։

Այս տարբերակումը սկզբունքային է։ Եթե եվրոպական որևէ երկրում արդյունավետ են աշխատում դատարանները, պետական կառավարման համակարգը, կրթական հաստատությունները կամ տնտեսական կարգավորման մեխանիզմները, Հայաստանը կարող է ուսումնասիրել այդ փորձը և իր պայմաններին համապատասխան կիրառել։ Բայց եվրոպական հաջողված ինստիտուտների փորձը տեղայնացնելը դեռևս չի նշանակում անդամակցել ԵՄ-ին՝ քաղաքական միությանն ու դրանից բխող աշխարհաքաղաքական գործընթացներին։

Հենց այս համատեքստում Կարապետյանը բերեց Շվեյցարիայի և Նորվեգիայի օրինակները։ Երկուսն էլ զարգացած եվրոպական պետություններ են, ունեն կայացած պետական ինստիտուտներ և սերտ տնտեսական հարաբերություններ Եվրոպական միության հետ, սակայն ԵՄ անդամ չեն։ Նորվեգիան Եվրոպական տնտեսական տարածքի միջոցով մասնակցում է ԵՄ միասնական շուկային, իսկ Շվեյցարիան հարաբերությունները կառուցել է բազմաթիվ երկկողմ համաձայնագրերով։ Այս օրինակների իմաստը Հայաստանի համար պարզ է՝ եվրոպական տնտեսական հնարավորություններից և կայացած ինստիտուտների փորձից օգտվելու համար պարտադիր չէ դառնալ քաղաքական միության անդամ։

Ընդ որում՝ խոսքը չպետք է գնա եվրոպական փորձի մեխանիկական պատճենման մասին։ Կարապետյանը հենց այդ պատճառով առանձնացրեց ընտանիքի հայկական ինստիտուտին վնասող փորձառությունները։ Այսինքն՝ առաջարկվում է վերցնել այն, ինչը պետությունն ավելի արդյունավետ է դարձնում՝ արդարադատության, կրթության, տնտեսության, կառավարման ոլորտներում, բայց չպատճենել այն մոտեցումները, որոնք չեն համապատասխանում հայկական հասարակության արժեքներին ու առանձնահատկություններին։

Սա բավական կշռադատված մոտեցում է հատկապես Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելու դեպքում։ Մեր երկրի խնդիրը տարիներ շարունակ փորձել են ներկայացնել չափազանց պարզունակ բանաձևով՝ Հայաստանը պետք է ընտրի Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Նման տրամաբանության վտանգն այն է, որ Հայաստանը պետությունից աստիճանաբար վերածվում է աշխարհաքաղաքական տարածքի, որի համար պայքարում են տարբեր ուժային կենտրոններ։

Մինչդեռ փոքր պետության համար արտաքին քաղաքականության նպատակը չպետք է լինի մեկ կախվածությունը մյուսով փոխարինելը։ Իրական դիվերսիֆիկացիան նշանակում է ունենալ հնարավորինս շատ տնտեսական և քաղաքական գործընկերներ, որպեսզի նրանցից որևէ մեկը չկարողանա Հայաստանի նկատմամբ մենաշնորհային ազդեցություն ձեռք բերել։

Այս առումով հատկապես կարևոր էր Կարապետյանի շեշտադրումը տնտեսական դիվերսիֆիկացիայի վրա։ Հայաստանը պետք է հնարավորինս մեծացնի տնտեսական համագործակցությունը եվրոպական երկրների հետ, համապատասխանեցնի արտադրական և տնտեսական չափանիշները, հասանելիություն ստանա նոր շուկաների ու տեխնոլոգիաների, բայց դա չվերածի քաղաքական ճամբարափոխության։ Միաժամանակ պետք է պահպանվեն և զարգացվեն այն տնտեսական ուղղությունները, որոնք Հայաստանի համար շահավետ են՝ Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից մինչև Իրան, Չինաստան, Հնդկաստան և այլ շուկաներ։

Դիվերսիֆիկացիան այն չէ, երբ Ռուսաստանից ունեցած կախվածությունը փոխարինվում է Եվրոպայից կախվածությամբ։ Դիվերսիֆիկացիան այն է, երբ Հայաստանը այնքան շատ տնտեսական հենարաններ է ստեղծում, որ որևէ մեկ կենտրոնի հետ հարաբերությունների վատթարացումը չի կարող կաթվածահար անել երկրի տնտեսությունը։

Եվրոպական կայացած ինստիտուտների փորձը մեզ օգտակա՞ր է՝ տեղայնացնենք։ Եվրոպական շուկան հայկական տնտեսության համար նոր հնարավորություննե՞ր է ստեղծում՝ խորացնենք համագործակցությունը։ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի կամ Հնդկաստանի հետ համագործակցությունը Հայաստանին օգո՞ւտ է տալիս՝ զարգացնենք նաև այդ ուղղությունները։

Այսպիսի քաղաքականությունը շատ ավելի բարդ է, քան որևէ աշխարհաքաղաքական ճամբար ընտրելն ու նրա թելադրած օրակարգով շարժվելը։ Այն պահանջում է պրոֆեսիոնալ դիվանագիտություն, հաշվարկ և սեփական ազգային շահի հստակ գիտակցում։ Բայց հենց սա կարող է Հայաստանին հնարավորություն տալ աստիճանաբար դուրս գալու այն վտանգավոր կարգավիճակից, երբ մեր երկիրը դառնում է գլոբալ և տարածաշրջանային ուժերի բախման թատերաբեմ։

Նարեկ Կարապետյանի առաջարկած մոտեցման արժեքը հենց այստեղ է․ վերցնել աշխարհից այն, ինչը ուժեղացնում է Հայաստանը, բայց Հայաստանը չդարձնել որևէ ուժային կենտրոնի գործիք։

Փոքր պետության ուժը բոլորի դեմ պայքարելու մեջ չէ։ Նրա ուժը տարբեր կենտրոնների հետ համագործակցելու և միաժամանակ սեփական որոշումների ազատությունը պահպանելու կարողության մեջ է։ Հայաստանի համար գուցե հենց սա է այն ճանապարհը, որը թույլ կտա վերջապես դուրս գալ «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» պարտադրված ընտրությունից և քաղաքականության կենտրոնում դնել շատ ավելի պարզ հարց՝ ի՞նչն է շահավետ Հայաստանին։

Ս․Թ․