Ռուսաստանի Դաշնության խորհրդում մտավախություն...

Արևմուտքը վերջին երկու տարիներին «մշակում էր ընտրությունների վրա ազդեցության նոր մեթոդներ Մոլդովայում և Հայաստանում, որպեսզի հետո դրանք կիրառի Ռուսաստանում», հայտարարել է Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը իր Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ Պետդումայի ընտրությունների ընթացքում արտասահմանյան ընտրատեղամասերում կարող են կազմակերպվել սադրանքներ, այդ թվում՝ կեղծ հարցումներ և կեղծ էքզիթփոլներ։ Ջաբարովը պնդում է, որ դրանց հիման վրա արևմտյան ԶԼՄ-ները դեռևս մինչև քվեարկության ավարտը կարող են հայտարարել «կեղծիքների» և ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին։

Սենատորը նաև հայտարարել է արտերկրում բնակվող ռուսաստանցիներից կամավորների հավաքագրման մասին՝ սոցիոլոգիական հարցումներ անցկացնելու և քարոզչություն իրականացնելու համար։ Բացի այդ, նրա խոսքով, հնարավոր են սադրանքներ անմիջապես ընտրատեղամասերում՝ քվեաթերթիկների փչացում, անհատական պիկետներ և դիտորդների միջոցով ընտրական հանձնաժողովների անդամներին սադրելու փորձեր։

Ջաբարովը պնդում է, որ զուգահեռաբար ռուսաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում կձևավորվի քննադատական օրակարգ, որն ուղղված կլինի ընտրությունների վարկաբեկմանը։

Ռուս սենատորի խոսքով՝ նման գործունեությանը իբր առնչություն ունի երկրում արգելված Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, որը, նրա պնդմամբ, այդ նպատակների համար ստացել է ավելի քան 1,5 մլն դոլար՝ ավելի վաղ փոխանցված 1 մլն դոլարի «ավանսից» հետո։

Ջաբարովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի ընտրություններին միջամտելու նախագծերը, իբր, բացահայտ ներկայացվում են Եվրախորհրդարանում և ԵԽԽՎ-ում և ստանում են արևմտյան երկրների ֆինանսական, կազմակերպչական և տեղեկատվական աջակցությունը։

ՌԴ Պետդումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 20-ին, իսկ քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 18-ից 20-ը։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ արտերկրում կգործեն ավելի քան 300 ընտրատեղամասեր 152 երկրներում։