Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխա...

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարում աշակերտներին կընդունի հիմնանորոգված և բարեկարգ պայմաններում։ Կրթօջախում ավարտին են մոտենում վերակառուցման, ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ուսումնական հաստատություն: Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը։

Ժաննա Անդրեասյանը շրջել է նորոգված տարածքներում, ծանոթացել դասասենյակներում, մարզական և այլ ենթակառուցվածքներում իրականացված աշխատանքներին։ Առաջիկայում դպրոցը կհագեցվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական անհրաժեշտ նյութերով։ Կրթօջախը նախատեսված է 250 աշակերտի համար։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է աշխատանքների պատշաճ որակի ապահովումն ու սահմանված ժամկետների պահպանումը՝ ընդգծելով, որ ժամանակակից, անվտանգ և անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով հագեցած կրթական միջավայրի ստեղծումը կարևոր նախապայման է կրթության որակի բարձրացման և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։

Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համաֆինանսավորմամբ։