Տեղի են ունեցել ՔՊ կուսակցության վարչության ընտրություններ, պատվիրակներն արել են ընտրություն և ձևավորվել է նոր վարչություն, ինչպես սահմանված է կարգով. որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանն՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ի նորընտիր վարչության կազմում ինքը չի ընտրվել, փոխարենը ընտրվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որի հետ ինքը կոնֆլիկտ է ունեցել։
«Եղել է քարոզարշավ, մեր կուսակցականները ըստ քարոզարշավի ընտրել են այն թեկնածուներին, ում ցանկացել է։ Տեղի են ունեցել թափանցիկ, պարզ ընտրություններ։ Ինչո՞ւ պետք է հիասթափված լինեմ»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրեն կուսակցությունից էլ հեռացնեն, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Դրանք անհեթեթ տեղեկություններ են, նույնիսկ մեկնաբանելու առիթ չկա; Իհարկե, շարունակելու եմ ՔՊ–ի հետ ճանապարհը։
Առաջադրվել է 41 թեկնածու, ընտրվել է 20–ը։ Ես բավականին շատ ձայներ եմ ստացել, ինչի համար շնորհակալ եմ իմ կուսակից ընկերներին։ Այո, մի քանի ձայն պակասել է, հավանաբար, քարոզարշավը ուշ եմ սկսել։ Քարոզարշավը սկսվել էր սեպտեմբերի 1–ից, ես քարոզարշավին միացել եմ վերջին մեկ շաբաթվա ընթացքում»։



