Իշխանությանը չի անհանգստացնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Անհանգստացնում է այն առումով, որ մենք մեր քաղաքացիների հետ պետք է ավելի շատ աշխատենք եւ ավելի շատ ինֆորմացիաներ ներկայացնենք: «Հայաստան» դաշինքը եւ ռոբերտ Քոչարյանը 240 հազար ձայն է հավաքել, բա մի 30 հազար մարդ ամիսը մեկ չկարողանա՞ հավաքել միտինգ անել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ 40 ուժերի հետ է հանդիպել Բագրատ Սրբազանը, ԱԺ նախագահն ասաց. «Ովքե՞ր են այդ 40 ուժերը: Էդ մարդ կուսակցություններից 30-ին ասեք, մնացած 10-ը միգուցե իրենցից ինչ-որ ուժ են ներկայացնում: 40-ից երեքին ասեք»:
Երբ լրագրողները թվարկեցին «Ապրելու երկիր» ՀՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան», նա արձագանքեց. «Իրենք իրենցով հավաքվել են: Ինչի՞ «Լուսավոր Հայաստանը» մարդ կուսակցություն չի՞, ՀԱԿ-ը մարդ կուսակցություն չի՞: Էդ որ ասում են՝ 40 ուժի հետ հանդիպել է, լրիվ էն պատմությունն է, որ ասում են՝ 40 ուժ, պատկերացնում ենք վայ-վայ»:
Հարցին՝ բախումների վտանգ չի՞ տեսնում, ԱԺ նախագահը պատասխանեց. «Շատ վատ է, որ տենց հարց կա: Շատ վատ է, որ կարելի է վերցնել 1-2 հազար մարդ, ուղեկցել դեպի ԱԳՆ, բախում կազմակերպել, պահանջել, որ պարոն Միրզոյանը գա, ասի՝ դա ճի՞շտ է, որ Թուրքիայից հատուկ ուժեր են եկել, որ պաշտպանեն, դրա հետեւանքով բախումներ կազմակերպեն, մարդիկ վնասվածքներ ստանան, քրեական գործեր հարուցվեն, հետո ասեն՝ մենք մեր ասածը արեցինք:
Ես շատ անհարգալից եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք ելք են փնտրում իրավիճակից՝ կողքիններին զոհ տալով: Էդ խի՞ իրեն չտարան, ինքը բխումը հրահրեց, ասեց՝ ինձ էլ ոտքով երկու հոգի հարվածել են: Լո՞ւրջ:
Երբ 2018-ին հեղափոխություն էր տեղի ունենում, վարչապետ Փաշինյանը, ես, մեր թիմի մնացած անդամները, մենք ենք առաջին քայլն արել, փշալարերի վրա բարձրացել, փորձել գալ ԱԺ, ոչ թե ասել ենք՝ ժողովուրդ, գնացինք առաջ, մնացածին փուռը տվել»:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք հին են. «Իրենք փողը տալիս են, մարդկանց ուղարկում են, մտածում են՝ լեգո է իշխանափոխությունը, կհավաքեն, կստացվի: Այդպես չի: ՀՀ-ում գրեթե անհնար է իշխանափոխություն իրականացնելը, որովհետեւ Հայաստանում կա ընտրության իրավունք: 2018-ին այդ իրավունքը ոտնահարված էր»:



