ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին հայտարարել է, որ հույս կա, որ մոտ ապագայում հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների անձանց, ինչպես նաեւ՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումն ունի վճռական նշանակություն։
Այն, որ Հայաստանի գործող իշխանությունների համար հայ-թուրքական սահմանի բացումը եւ առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ունի վճռական նշանակություն, նոր բան չէ։ Հաջորդ տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները հայ-թուրքական կարգավորման մասով եւ երկու երկրների միջեւ սահմանը կբացվի։
Դրանից վաղ էլ ԵԱՀԿ Պառլամենտական վեհաժողովի ժամանակ էր նույն բովանդակությամբ հայտարարություն արել, այն տարբերությամբ, որ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասով Երեւանի եւ Անկարայի միջեւ շոշափելի տեղաշարժեր չկան։ Նախ, ի սկզբանե նշենք, որ այստեղ անհասկանալի մի նրբություն կա։
Հայ-թուրքական սահմանի բացումը առանձին գործընթաց չէ։ Այն մաս է կազմում հայ-թուրքական հարաբերությունների, ներառյալ նաեւ՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման եւ եթե դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասով տեղաշարժերը նկատելի չեն, ապա ինչպես պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, հանուն ինչի։
Եթե ստացվի, որ Անկարան բացում է սահմանը, նախքան հարաբերությունների կարգավորումը, ապա կստացվի, որ Անկարան իր իսկ դրած պայմանից նահանջել է, քանի որ Անկարայի համար սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը նույն փաթեթի մաս են կազմում։ Սակայն, արդյո՞ք Անկարան կգնա դրան։ Մի փոքր անհավանական է, որքան էլ որ Փաշինյանը կամ նրա թիմակիցները փորձեն հակառակը համոզել։ Մյուս կողմից, Անկարայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների նորմալացմամբ։
Բաքուն սակայն, ունի առավելապաշտական որոշ նկրտումներ, Երեւանն էլ, թեեւ չի հակադրվում կոշտ կերպով այդ առավելապաշտական նկրտումներին, սակայն հույսը թերեւս Արեւմուտքի վրա դրած փորձում է դրանք չեզոքացնել կամ հասցնել նվազագույն ռիսկայնության։ Կհաջողվի թե ոչ, դժվար է ասել։ Սակայն դատելով Ալիեւի հանրային ելույթներից, իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ, քանի որ Արեւմուտքն էլ իր հերթին սեփական կորզելիքների հույսով է թերեւս «թեւավորում» Երեւանին։
Արդյունքում Անկարան առայժմ կարծես թե որոշել է համբերատար սպասողի դերում մնալ, հասկանալու համար, թե ինչ կլինի Երեւան-Բաքու դիվանագիտական ճակատում կամ Երեւան-Բաքու-Արեւմուտք եռանկյունում, որպեսզի նաեւ ռեգիոնում ռուսական դերակատարությունը հաշվի առնելով, նոր փորձի ինչ որ քայլերի գնալ։



