«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներկայումս նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի հայտարարագրերը՝ հասկանալու համար, թե ինչպես է փոխվել նրա գույքային և ֆինանսական դրությունը 2021-2025 թվականներին։ Նշենք, որ այս պահին Հանրապետության նախագահի աշխատակազմը ղեկավար նշանակված պաշտոնյա չունի, և այդ պարտականությունները կատարում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։
2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Խաչատուր Պողոսյանն ունեցել է համատեղ սեփականությամբ բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2008 թվականի օգոստոսի 12-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ ավտոտնակ նույն վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2005 թվականի օգոստոսի 24-ին։ Այդ ժամանակ նա տրանսպորտային միջոց, բանկային ավանդ, բանկային հաշիվների մնացորդ, արժեթղթեր, ներդրումներ, փոխառություններ կամ թանկարժեք գույք չէր հայտարարագրել։ Միակ դրամական միջոցը եղել է 4 մլն 900 հազար դրամ կանխիկ գումարը, որը տարվա սկզբին և ավարտին նույն չափով պահպանվել էր։ Նրա տարեկան եկամուտը կազմել էր 9 մլն 951 հազար 268 դրամ, որը ստացել էր Հանրապետության նախագահի աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրության տեսքով։ Վարկեր, փոխառություններ և խոշոր ծախսեր ևս հայտարարագրված չէին։
Մինչդեռ 2025 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս, որ անշարժ գույքը չի փոխվել․ պաշտոնյան շարունակում է ունենալ նույն բնակարանն ու ավտոտնակը, սակայն զգալի փոփոխություններ են արձանագրվել ֆինանսական միջոցների մասով։
Մասնավորապես, 2025 թվականի վերջի դրությամբ Խաչատուր Պողոսյանը հայտարարագրել է 5 մլն դրամ բանկային ավանդ, 25 մլն 588 հազար 995 դրամ ընդհանուր փոխառություն, որը տրամադրվել է «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին, ինչպես նաև 3 մլն 376 հազար դրամ բանկային հաշվի մնացորդ և 1000 ԱՄՆ դոլար՝ դոլարային հաշվում։
Զգալիորեն ավելացել են նաև կանխիկ դրամական միջոցները։ Եթե 2021 թվականին նա հայտարարագրել էր միայն 4 մլն 900 հազար դրամ կանխիկ, ապա 2025 թվականի վերջում ունեցել է արդեն 12 մլն 900 հազար դրամ կանխիկ դրամ, որից 8 մլն դրամ և 4 մլն 900 հազար դրամ՝ առանձին հայտարարագրված միջոցներ։
Եկամուտներն էլ աճել են։ Եթե 2021 թվականին նրա եկամուտը կազմել էր 9 մլն 951 հազար 268 դրամ, ապա 2025 թվականին Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է 15 մլն 589 հազար 101 դրամ աշխատավարձ, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 2 մլն 522 հազար 222 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 17 մլն 809 հազար 101 դրամ։
Միաժամանակ, 2025 թվականի հայտարարագրում արդեն առկա է նաև 19 մլն 259 հազար դրամ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդ, իսկ տարվա ընթացքում դրա մարմանն ուղղվել է 3 մլն 520 հազար 721 դրամ։
Փոխվել է նաև շահերի հայտարարագիրը։ Եթե 2021 թվականին ընտանիքի անդամները որևէ մասնակցություն առևտրային կազմակերպություններում չէին հայտարարագրել, ապա 2025 թվականի հայտարարագրում նշված է, որ որդին՝ Արման Պողոսյանը, 2024 թվականի մարտի 26-ից հանդիսանում է «ԱՄՖՈՒԴ» ընկերության 100 տոկոսի սեփականատերը։
Միևնույն ժամանակ, ինչպես 2021-ին, այնպես էլ 2025-ին Խաչատուր Պողոսյանը չի հայտարարագրել տրանսպորտային միջոցներ, բաժնային կամ պարտքային արժեթղթեր, այլ ներդրումներ, կրիպտոարժույթ, թանկարժեք գույք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ 5 մլն դրամը գերազանցող պայմանագրեր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



