Ի՞նչ կասեր Օսկանյանը Փաշինյանին, եթե կայանար...

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է, որ եթե իր բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունենար, նա իր հետ կբերեր Մադրիդյան սկզբունքների մասին փաստաթուղթը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրել են 2007թ.-ին։ 

Բովանդակային տեսանկյունից նա այն անվանեց 1994 թվականից ի վեր շարունակվող բանակցությունների կուլմինացիոն փաստաթուղթ։

«Եթե Փաշինյանն ասում է, որ 1994 թվականից սկսած բանակցություններ են տարվել Արցախը Ադրբեջանին փոխանցելու համար, ապա դա նշանակում է, որ նման կետ պետք է ամրագրվեր կուլմինացիոն փաստաթղթում։ Բայց սա ուղղակի ամրագրված չէ, ընդհակառակը, ամրագված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների մակարդակով այս փաստաթղթով միջազգային հանրությանը հայտարարեցին, որ սա իրենց վերջնական առաջարկն է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, որի հիման վրա, այսինքն՝ ելնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, պետք է լուծվի այս հարցը։ Հայաստանն ու Ադրբեջանը այս փաստաթուղթն ընդունել են որպես բանակցությունների հիմք, իսկ այս փաստաթղթում ոչ մի խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Փաստաթղթում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը։ Ավելին, հանրաքվեում հարցերը ոչ մի կերպ չեն սահմանափակվում՝ անկախությունից մինչև Հայաստանի հետ վերամիավորում։ Ավելին, մինչ հանրաքվեն միջազգային հանրությունը, այդ թվում՝ Թուրքիան և Ադրբեջանը, ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի փաստացի կարգավիճակը։ Սա այն ժամանակ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր էր։

Սա հուշում է, որ Փաշինյանը ստում է ժողովրդին, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ նպատակով։ Փաշինյանին պետք էր սկսել ոչ թե զրոյական կետից, այլ շարունակել բանակցությունները՝ հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա։ Այս դեպքում այսօր կլիներ Արցախը՝ Լաչինի միջանցքով, կհաստատվեին հայ-ադրբեջանական և հայ-թուրքական նորմալ հարաբերություններ՝ բաց սահմաններով։

Փաշինյանն է Արցախի կորստի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն։ Ես նրան կոչ եմ անում պատասխանատվությունը չփոխանցել ուրիշների վրա, այլ պատասխանատվությունը կրել իր վրա»,- հավելեց Օսկանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։