Ռուսական մամուլում բավական ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ դեմոկրատական վարչակազմի իշխանության գալով՝ Հայաստանում որոշակի շրջանակների մոտ, ներառյալ նաեւ իշխանության ներսում գտնվող շրջանակների, հույսեր են արթնացել կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այն, որ Բայդնեի նախագահ դառնալը ռուսների սրտով չէր, եւ նրանք ուղղակի երազում էին, որ եւս չորս տարի Սպիտակ տանը գտնվի «խելագար ծերուկը», որը մեղմ ասած, ամեն բան անում էր իրենց ուզածով, սանկցիոն քաղաքականության ծխածածկույթը միամիտ զանգվածների համար օգտագործելով, հասկանալի է ինքնին։ Միաժամանակ նաեւ հասկանալի է, որ Բայդենը լրիվ այլ մոտեցումներով է առաջնորդվելու, որոնք ռուսներին այնքան էլ ձեռնտու չեն։ Իրականում, Բայդենի իշխանության գալը Հայաստանի համար կարող է դրական ազդեցություն ունենալ։
Փորձենք մեկնաբանել, թե ինչու։ Բայդենը, որպես դեմոկրատ վարչակազմի ղեկավար հատուկ ուշադրություն է դարձնելու մարդու իրավունքներին եւ ժողովրդավարական արժեքներին։ Նկատենք, բոլոր դեմոկրատական վարչակազմերը Միացյալ Նահանգներում այս եւ այսօրինակ հարցերի վրա շեշտադրումներ արել են։ Այս համատեքստում այն ռեգիոնը, որում գտնվում է Հայաստանը, Բայդենի վարչակազմի համար գրեթե խամ ու խոպան տարածք է, որտեղ ասենք ահռելի անելիքներ ունի վարչակազմի առանցքային դերակատարներից Վիկտորյա Նուլանդը։ Խոսքն առաջին հերթին Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում դեմոկրատիայի հաստատումն է։ Իհարկե, Ռուսաստանն էլ կարելի է դիտարկել որպես դասական բռնապետություն, սակայն որպես միջուկային գերտերություն, Բայդենը Ռուսաստանի հետ ամենայն հավանականությամբ քաղաքական այլ գիշ կորդեգրի։
Հայաստանը այս առումով կարող է էական նշանակություն ձեռք բերել, քանի որ նշված բոլոր երկրների էլիտաների համար էլ Հայաստանն ընկալվում է որպես հակառուսական արեւմտյան ղեկավար կազմ ունեցող երկիր։ Հայաստանի վիճակը այժմ նման է Վրաստանի վիճակին։ Վրաստանը արեւմտյան կողմնորոշում որդեգրեց, բայց կորցրեց Հարավային Օսեթիան ու Աբխազիան։ Հայաստանը այսպես ասենք՝ Արցախը կորցնելուց հետո կարող է որդեգրել արեւմտյան կողմնորոշում, հատկապես, որ նման դրեյֆի համար հիմքերը ամբողջապես կան, որոնք կարող են էականորեն նվազեցնել ռուսական ազդեցությունն այստեղ, հասցնելով միայն ռազմաբազայի ֆիզիկական գոյության եւ անվտանգային պարտականությունների սոսկական կատարման․ բավական է, որ օրինակ ռազմագերիների վերադարձի եւ պատերազմի հետ խնդրահարույց մյուս հարցերը պարզ ասած «գցվի ռուսների գրպանը»։
Ինչ որ իմաստով, Հայաստանը նաեւ ավելի շահեկան վիճակում է, քան Վրաստանը, որովհետեւ ունի անմիջական սահման Իրանի հետ, իսկ արդեն Հայաստան + Վրաստան առանցքը ԱՄՆ հովանու ներքո, կարող է սեպ խրել ողջ Կովկասում, էականորեն բարդացնելով Ռուսաստանի վիճակը։ Սրանք պարզ քաղաքական հաշվարկներ են, որոնք առաջիկայում Մոսկվայում կարող են ավելացնել Երեւանի դերն ու նշանակությունը եւ թեկուզ քաղաքական շանտաժի լեզվով, կարեւոր ձեռքբերումների հիմք դառնալ Հայաստանի համար։



