
Սերժ Սարգսյանն օրեր առաջ, ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի հերթական սեզոնի շրջանավարտներին հավաստագրեր հանձնելու ժամանակ, պատասխանել է նաեւ մի քանի հարցերի, անդրադառնալով Հայաստանի ներքին կյանքին առնչվող հիմնական մարտահրավերներին։ Մինչ այդ հայտարարություններին անդրադառնալը, արձանագրենք, որ ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ նա ավելի առարկայական, նույնիսկ կարելի է ասել՝ կոնկրետ հասցեական հայտարարություններ հնչեցրեց։
Բացի այդ, կարելի է ասել առաջին անգամ իշխանափոխությունից հետո նա քննադատական խոսք է հնչեցրել գործող իշխանությունների հասցեին։ Թեեւ քննադատությունը բավական զգուշավոր էր պաշտոնաթող նախագահի խոսքում ձեւակերպված, սակայն ամեն դեպքում, սա նոր երեւույթ կարելի է համարել նախկին նախագահի կողմից։ Հիշեցնենք, որ Սերժ Սագսյանը մասնավորապես ասել է հետեւյալը․ «Ինչպես հայտնի է՝ ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով։ Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։
Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ , եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն ․․․ Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը։ Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»։
Եվ այսպես, երրորդ նախագահը, իր բնավորությանը հավատարիմ, կարեւոր խոսքերն ասել էր նվազ կարեւոր վայրերում կամ առիթներով։ Նախագահ Սարգսյանի պաշտոնավարման ողջ ընթացքում դիտված պրակտիկայի կիրառումը կարելի է տեսնել նաեւ այստեղ, երբ հասարակ ուսանողուհու հարցին ի պատասխան հնչեցնում է մտքեր, որոնք ներքաղաքական, ռեգիոնալ-քաղաքական առումով բավական լուրջ կարեւորություն ունեն, ու անկախ իշխանական թեւի ներկայացուցիչների արձագանքներից, իրենց մեջ հստակ ասելիք ու ազդակներ ունեն։
Առաջին տպավորությունը, որ կարելի է ստանալ նախագահ Սարգսյանի խոսքերից, արհամարհական վերաբերմունք է ձերբակալվելու հեռանկարի հանդեպ։ Նման վերաբերմունք օրինակ ունեցել են Ձերժինսկին, ու մյուս բոլշեւիկները, ով տարիներ շարունակ անցկացրել է բանտում ու աքսորում, սակայն այդ ժամանակահատվածն օգտագործել են փորձառություն ձեռք բերելու ու կոփվելու համար։ Դա կրակ ու արյուն տեսած վառոդ հոտոտած կամ մահն աչքերի առջեւով անցկացրած մարդու արհամարհանք է, որը նաեւ վարակիչ է շրջապատի համար ու այդ վարակիչ լինելով, կարող է զինաթափել ձերբակալողին, բանտ տանողին, այն սկզբունքի համեմատ, թե «բոլորին հո չի կարելի բանտով վախեցնել»։
Երկրորդ գաղափարը կամ ազդակը, որը պաշտոնաթող նախագահը փոխանցեց իր հայտարարությամբ, կապված է Արցախյան հարցի կարգավորման վիճակի հետ։ Նախ, այս մասով կար մտահոգություն, համաչափելի այն մտահոգության հետ, որպիսին ունեցել է ութսունականներին շարժման տարիներին։ Երկրորդ, մտահոգությունը կապված է հատկապես բանակցային գործոընթացի՝ հունից դուրս եկած լինելու հետ։ Թե որն է հունը, որից դուրս է եկել Փաշինյանը, արդեն կարելի է պատկերացնել, երբ Պետերբուրգ-Վիեննա եւ այլ ձեռքբերումները պարզապես փոշիացվեցին՝ վերելակային դիվանագիտության «նվաճումներով։
Առհասարակ, Սարգսյանի կառավարման ողջ հանրային կոնսենսուսը կառուցված էր անվտանգության ու Արցախյան հիմնահարցի կարգավորման պոստուլատների շուրջ ու հասկանալի է, որ անհնար էր, որ խնդրին անդրադարձ չկատարվեր։ Մնացածն արդեն ավելի շատ ողջամտության կոչ էր, ուղղված պոպուլիստ իշխանություններին, բացարձակապես ոչնչից չվախեցողներին, որոնք առնվազն հիմարների հետ կարող են համեմատվել ըստ հայտարարության տողարանքային իմաստի, ու գնահատական տարի եւ կես իրականացված կառավարման, որոնք միայն աչքի են ընկել չկատարված խոստումներով, սկսած հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի գործերի բացահայտումներից մինչեւ տնտեսական հեղափոխություն ու հայրենադարձություն։
Անշուշտ, իրեն հատուկ ոճով նաեւ կրկին արծարծեց իր «խոսելու ժամանակի» մոտալուտ գալստյան թեզը, ինտրիգը կրկին թեժացնելով, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ գործ ունենք գիտակցական կյանքի մի ստվար հատվածն ուժային ու հատուկ ծառայություններ ղեկավարած մարդու հետ, որն ամենաինֆորմացվածներից է Հայաստանում, գուցե ավելին, քան իշխանությունները։