Ի՞նչ հետեւանքներ է ունենում մարիխուանայի օգտա...

Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը մարիխուանան դասակարգում են որպես հոգեներգործուն նյութ, որն ունի կախվածություն առաջացնելու պոտենցիալ։ Այդ մասին տեղեկացնում են Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից։

Նշվում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների 10-րդ վերանայման միջազգային դասակարգչի՝ կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներից (այդ թվում՝ մարիխուանայից) կախվածությունը դասակարգվում է հոգեներգործուն նյութերի գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումների խմբում որպես առանձին հիվանդություն (ծածկագիրը՝ «F12.2»)։

Մարիխուանայի անգամ մեկանգամյա գործածումը կարող է առաջացնել հետևյալ բացասական հետևանքները՝
Տեղի և ժամանակի նկատմամբ ապակողմնորոշում,
Ընկալման ֆունկցիայի խանգարում,
Վախ, տագնապ, կասկածամտություն,
Մտածողության ֆունկցիայի խանգարում,
Հիվանդության սրացում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մոտ:

Երկարատև կամ կանոնավոր գործածումն առաջացնում է՝
Կախվածության համախտանիշ,
Ճանաչողական ֆունկցիայի կայուն խանգարում,
Հաճախ անդառնալի հոգեախտաբանական խանգարումներ,
Անքնություն,
Շնչառական և սրտանոթային համակարգերի ախտահարումներ,
 Հոգեախտաբանական և սոմատովեգետատիվ այլ խանգարումներ։

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում զերծ մնալ հոգեներգործուն նյութերի մասին պատմող կասկածելի և ոչ մասնագիտական աղբյուրներից՝ հաշվի առնելով, որ մարիխուանայում պարունակվող նյութերի «օգտակարության» կամ «ոչ վնասակարության» մասին տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է խիստ խեղաթյուրված։  

Բացառեք ձեր կյանքից հոգեներգործուն նյութերը և ձևավորեք առողջ կենսակերպ։