ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսնում է հնարավորություն 2020 թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքը Հայաստանին վերադարձնելու։ Այսօր ԱԺ–ում նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Իհարկե տեսնում եմ հնարավորություն։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»,– ասաց Պապիկյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անելիք է համարում նաև ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերի ճշգրտման հարցը։
Հարցին՝ տեղեկություն ունի՞, թե ինչ 110 կմ-ի մասին է խոսում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Պապիկյանը նշեց, որ վաղ է այդ մասին խոսելը։
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդել էր, որ ՀՀ զինված ուժերը մոտ 110 կմ-ի չափով տեղակայված են Ադրբեջանի տարածքում։
«Այդ հարցը եկեք թողնենք սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, որի շուրջ պիտի հանձնաժողովն աշխատի, կարծում եմ՝ իմաստ չունի»,– ասաց նախարարը։
Միևնույն ժամանակ Պապիկյանը նշեց՝ եթե ԱԺ նախագահը թիվ է ասել, ապա դրա համար բավարար հիմքեր ունի։



