
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մեւլութ Չավուշօղլուն հանդիպումից հետո Twitter-ի իր էջում գրել է. «Մինկսի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։ Ինչ խոսք այս հանդիպումը եւ ապա նաեւ Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը բավական տարօրինակ է։
Տարօրինակ է բազմաթիվ պատճառներով։ Նախ սիրիական Իդլիբում ռուս-թուրքական սրացման ֆոնին է այն տարօրինակ հնչում, այն էլ մարտի 5-ին տեղի ունենալիք Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ։ Զուտ ֆորմալ առումով որեւէ խնդիր չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ մտնում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։
Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը։ Այս նույն տրամաբանությամբ, համանախագահները պետք է հանդիպեն նաեւ խմբի անդամ մյուս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ։ Սակայն անհասկանալի է, թե ինչու է Չավուշօղլուն նման վստահությամբ հայտարարություն անում թվիթերյան հարթակում եւ արդյոք այս հանդիպումը որոշակիորեն Թուրքիայի ներգրավում չի նշանակում կարգավորման գործընթացում։
Համանախագահող երկրները կարծես թե դեռ չեն արձանագանքել, սակայն հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ Թուրքիան կրկին փորձեց ակտիվանալ Ղարաբաղյան կարգավորման հարցում, Մոսկվան բավական կոշտ արձագանքեց, հայտարարելով, որ կարգավորման գործընթացը պետք է զերծ պահել նոր էլեմենտների ներմուծումից։ Հիմա կարծես թե ինչ որ բան փոխվել է։