Ի՞նչ է կատարվում Տավուշում, ի՞նչ են անում ռու...

Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ հեղինակազրկվեց ամենաբարձր հեղինակություն ունեցող կառույցը՝ Հայկական բանակը: Պատերազմի ընթացքում հանրությանը մատուցված անհավանական թվացող ստերը արդեն իսկ թողել են իրենց հետևանքը՝ պաշտպանության նախարարությանը հիմա այլևս որևէ գիտակից մարդ չի հավատում:

Պատերազմից հետո էլ իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի բանակի հեղինակությունը չվերականգնվի: Օրերս սոցիալական ցանցերում տարածվեց տեղեկատվություն, ըստ որի Տավուշի մարզ են տեղափոխվել հարյուրավոր ռուս զինվորականներ: Ըստ եղած հրապարակումների, ռուս զինվորականներն այնտեղ են, քանի որ սահմանին ինչ որ գործըթացներ են գնում:

Պաշտպանության նախարարությունը ինչպես և սպասելի էր ոչ թե փորձեց հանրությանը բացատրություններ տալ, այլ կտրականապես հերքեց տեղեկատվությունը. «Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,-նշվում էր ՊՆ հայտարարության մեջ:

ՊՆ այս հայտարարությունից մեկ օր անց համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ Տավուշի մարզում կան ռուս զինվորականներ, որոնք տեղակայված են Իջևան քաղաքի զորամասերից մեկում: Լուսանկարներում մի քանի ռուս զինվորականներ գնումներ էին անում Իջևանի քաղաքային շուկայում և զրուցում անցորդների հետ:

Ակնհայտ փաստը ՊՆ-ի կողմից հերքելը ստիպում է ենթադրել, որ Տավուշի մարզում այնուամենայնիվ ինչ որ բան կատարվում է: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան որևէ ստորաբաժանում չունի և չի ունեցել Տավուշի մարզում և հիմա իրեն ներկայությունը նշանակում է, որ արտակարգ ինչ որ գործընթաց է սկսել: 

Ստեղծված իրավիճակում հանրությունն իհարկե իրավունք ունի ամենավատ սպասելիքներն ունենալ, քանի որ գործ ունի հայրենիքը հանձած ստախոս մի իշխանության հետ, որն ինչպես արդեն պարզեցինք այս դեպքում էլ ստում է: