Իջևանում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ մարզում առաջարկում են շուրջ 200 աշխատատեղ՝ օրական 8 000-15 000 դրամ աշխատավարձով: Այդ մասին հայտարարեց նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Քաղաքացիներից ոմանք լրագրողների հետ զրույցում նշել էին, թե աշխատանք չկա, հակառակ դեպքում օրական 5 000 դրամով էլ պատրաստ են աշխատել, որոշներն էլ՝ թե օրական 10 000 դրամով հնարավոր չէ երեխա պահել, կենցաղային ծախսերը հոգալ:
Politik.am-ը փորձել է պարզել՝ կոնկրետ ինչ աշխատանքներ են առաջարկում իջևանցիներին, և այս պահին քանի քաղաքացի է դիմել աշխատանքի համար:
Մենք զանգահարեցինք քաղաքացիների դիմումների համար նախատեսված թեժ գծի հեռախոսահամարով: Պատասխանատու Վլադիմիր Խառատյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ զանգերի գործընթացը սկսվել է այսօր. «Ինձ արդեն դիմել են 10 քաղաքացիներ, ընդ որում՝ ոչ միայն իջևանցիներ: Կան նաև գյուղերից՝ Ազատամուտից, Հաղարծինից»:
Խառատյանը նշեց, որ դիմողները հիմնականում 20 տարեկանից բարձր տղամարդիկ են:
Հարցին՝ հստակ ոլորտ կա՞, որում առաջարկվում է աշխատանքը, պատասխանատուն նշեց, որ հիմնականում շինարարությունն է: Իրենք գրանցում են դիմորդի տվյալները, մասնագիտությունը և ըստ դրա՝ գտնում աշխատանք մարզի տարածքում:



