Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Բրյուսելում՝ իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպմանը և ներկայացրեց արդյունքները: Նա հիշեցրեց, որ վերահաստատել են երկրների հավատարմությունը՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար:
«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես: Հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնությունը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ Բրյուսելում դրական ըմբռնում է ձևավորվել երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, չկոնկրետացրեց: Նա հիշեցրեց, որ հնգակողմ է նախատեսվում հունիսի մեկին, և նաև հոկտեմբերին Գրանադայում, իսկ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին:
«Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին, նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ, և ունենք զոհեր»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին առավել հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը: «Մենք այս օրակարգը շարունակում ենք ընդգծել»,- ասաց նա:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին՝ վարչապետն ասաց, որ այս թեման բոլոր գործընկերների հետ քննարկում են:



