Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, որը դրսևորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապես մեկուսացնելով, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն անմիջապես ձեռնմուխ եղան ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված գործողությունների, որոնք միտված են Արցախի համար արտաքին քաղաքական զորակցության, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարված աշխատանքների մասին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հանդես է գալիս հաղորդագրություններով։ Այս մասին հայտնում է ՀՅԴ-ն:
Անցնող շաբաթների ընթացքում էական աշխատանքներ են կատարվել նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի կողմից՝ բրիտանական հասարակական քաղաքական շրջանակներում ադրբեջանական ագրեսիայի բարձրաձայնման և բրիտանական կառավարությանը գործնական քայլերի դրդելու ուղղությամբ։ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբն անցնող շաբաթների ընթացքում ինտենսիվ պարբերականությամբ թողարկել է լրատվական տեղեկատուներ՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին Մեծ Բրիտանիայում անհրաժեշտ իրազեկվածության ապահովման համար։ Դրանց արդյունքում բազմաթիվ խորհրդարանականներ հանդես են եկել Արցախին սատարող և ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններով, դիմել կառավարությանը՝ գործադրելու գործնական քայլեր։
Դեկտեմբերի 13-ին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, ապա նույն օրը գրությամբ դիմել ՄԹ արտաքին քարտուղար Ջեյմս Քլեվերլիին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական գործողությունները, հումանիտար օժանդակություն ուղարկել Արցախ և ճանաչել վերջինիս անկախությունը։ Արտաքին քարտուղարին, «Բրիտանիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անունից, նամակ է հասցեագրել նաև խմբի նախագահ Թիմ Լոթնը՝ ուշադրություն հրավիրելով Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականության և դրան անգլիական հակազդեցության անհրաժեշտության մասին։
Տարբեր առիթներով Արցախում ստեղծված իրավիճակի մասին կառավարությանը հարցումներ են արել, բրիտանական հակազդեցություն և գործնական քայլեր պահանջել խորհրդարանականներ Թիմ Լոթնը, Քերոլայն Քոքսը, Լորդ Ալթոնը, Լորդ ՄաքՔոլնեսը, Սթեֆան Դոթին, Քրիս Լոն, Ալեքս Սոբելը, Ջեսիկա Մորդենը և Ֆիոնա Բրյուսը։
Հունվարի 3-ին Արցախում հնարավոր ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը, միջազգային և բրիտանական կազմակերպություններ, ինչպես նաև անհատ գործիչներ։
Ավելի ուշ Բարոնուհի Քոքսը, Թիմ Լոթնը, Լորդ Ալթոնը, Քովենթրիի եպիսկոպոս Ռոման Վիլյամսը և այլոք հանդես են եկել բրիտանական մամուլում տեղ գտնող ադրբեջանական թեզերի դատապարտմամբ՝ պահանջելով ճշգրիտ տեղեկատվություն։
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է իրականացրել նաև բրիտանական լրատվամիջոցների և անհատ լրագրողների հետ՝ անաչառ տեղեկատվության ապահովման և ադրբեջանական քարոզչության դեմ պայքարի համար։
Հունվարի 12-ին Քերոլայն Քոքսը գրությամբ դիմել է նաև ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալիսա Կերնսին՝ պահանջելով հարցում անել Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակի մասին և դրա հիման վրա պատրաստել հրատապ զեկույց, հանդիպել ՄԹ հայկական սփյուռքի հետ՝ անաչառ տեղեկատվության ստացման և ադրբեջանական կեղծ քարոզչության ազդեցության տակ չընկնելու համար։