Հուսով ենք՝ շատ շուտով կունենանք երկնիշ տնտես...

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցրեց՝ որքա՞ն ներդրումներ են եղել հայտարարված տնտեսական հեղափոխության ընթացքում։ Նրան պատասխանելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը թվեց քաղաքական փոփոխությունների ամբողջ շղթան, որ եղել է նախորդ տարվա ընթացքում, և ասաց․

«Բոլոր էս տատանումների ընդհանուր ենթատեքստում մենք գրանցել ենք 5,2 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ 2018 թվականին, որը, կարծում եմ, աննախադեպ է։ Ոչ միայն տարածաշրջանում լավագույն ցուցանիշն է եղել, այլև շատ և շատ երկրներից մենք առաջ ենք եղել 2018 թվականին, նման քաղաքական պայմաններում»։

2019 թվականի արդյունքները ներկայացնելիս Ավինյանն ասաց, որ այս տարվա առաջին եռամսյակում եղել են ավելի մեծ թափով աճի տեմպեր։ Փոխվարչապետի խոսքերով՝ այո՛, կան նաև խնդիրներ, բայց իրենք դրանք հանգիստ տեմպով լուծում են։

«Եվ հուսով ենք՝ շատ շուտով կունենանք նաև երկնիշ տնտեսական աճ»,- ասաց Ավինյանը։