Երևանում կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը նշանավորվել է երկկողմ հարաբերություններում պատմական կարևոր հանգրվանով՝ մի շարք ռազմավարական փաստաթղթերի ստորագրմամբ և համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններով։
Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կապակցվածության գործընկերության փաստաթուղթը, ինչպես նաև նախաստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը։
Ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ ԵՄ կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը նախաստորագրել են օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթը։
Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական Միությունը նաև հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության վեց նամակ՝ Հայաստանում ներդրումների խթանման նպատակով։
Բացի այդ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարարին է հանձնել մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթաց զեկույցը։
Զեկույցում արձանագրվել է Հայաստանի կողմից իրականացվող քայլերի դրական առաջընթացը, ինչպես նաև ներկայացվել են առաջարկություններ՝ բոլոր պայմանների կատարման դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի լիարժեք ազատականացման հասնելու համար։



