Քաղաքական որոշումը վաղուց կայացված է․ Աջափնյակի մետրոն պետք է կառուցվի և անպայման կառուցվելու է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Վարչապետը անձամբ ասել է, որ այս ծրագիրը գերակայություն է ու առաջնահերթություն: Հետևապես, վարչապետի աշխատակազմում՝ մեր բոլոր գործընկերների հետ կոմունիկացիայում, շատ հստակ պետք է ընդծենք և խնդրենք իրենց, որպեսզի այդ առաջնահերթությունը նաև ամբողջ համակարգում լինի, որովհետև վարչապետը անձամբ ինձ մի քանի անգամ վստահեցրել է, որ իր համար սա առաջնահերթություն է:
Մեր գործընկերներին խնդրենք, որ որևէ պրոցես նույնիսկ ներդրումային կոմիտեի հետ չկապեն, որովհետև ներդրումային կոմիտեի թեմայով խոսել ենք վարչապետի հետ ու ֆիզիկապես՝ այս նախընտրական շրջանում կարող է չհասցնենք կազմակերպել, բայց այնուամենայնիվ, Կառավարության որոշումները չպետք է կանգնեն, դրանք բոլորը պետք է ընդունվեն՝ անկախ նրանից, ներդրումային կոմիտեն կլինի, թե ոչ: Քաղաքական որոշումը վաղուց կայացված է, Աջափնյակի մետրոն պետք է կառուցվի և անպայմանորեն կառուցվելու է»,- նշել է նա:



