Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Ռուբինյանը նշեց, որ գործում է 2000 թ․ ընդունված «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքը, որը սահմանում է հարգանքի արժանացող բոլոր այն անձանց կատեգորիաները, որոնք զոհվել են ռազմական գործողություններին մասնակցելիս, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում։ Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է նաև համապետական հիշատակի օրվա սահմանում, որը սակայն մինչ օրս չի հաստատվել։
Ռուբինյանն ասաց նաև, որ վերջին տարիների իրադարձությունները՝ Ապրիլյան պատերազմը, 44-օրյա պատերազմը, Հայաստանի դեմ հարձակումները, 2023-ի սեպտեմբերի դեպքերը, երբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայությունը, առավել ակնհայտ են դարձնում միասնական հիշատակի օրվա անհրաժեշտությունը։
Նախագծով առաջարկվում է հիշատակի օրը նշել հունվարի 27-ին՝ Բանակի օրվան (հունվարի 28) նախորդող օրը, որպեսզի այն չկապվի որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, բայց ունենա հստակ սիմվոլիզմ։
«Հունվարի 27-ին մենք կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 28-ին, կտոնենք Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի և անկոտրում կամքի խորհրդանիշ»,-ասաց Ռուբինյանը։
Նա մանրամասնեց, որ նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել ոչ աշխատանքային օր, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին, պաշտոնյաներին, զինծառայողների ընտանիքներին, դպրոցներին և ուսումնական հաստատություններին այցելել Եռաբլուր կամ այլ հուշավայրեր, կազմակերպել միջոցառումներ և կրթական ծրագրեր։



