Հունգարիան դեռևս չի կարող հրաժարվել Ռուսաստանից նավթի մատակարարումներից, սակայն ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության կառավարությունը կձգտի դիվերսիֆիկացնել աղբյուրները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Պետեր Մադյարը։
«Մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացնել աղբյուրները, մենք ցանկանում ենք նավթ ստանալ որքան կարելի է մեծ քանակությամբ աղբյուրներից և որքան կարելի է՝ ավելի էժան.... Իհարկե, «Դրուժբա»-ն կմնա, մենք հստակ ասել ենք, որ Հունգարիան, նույնիսկ եթե ցանկանա, ներկայում չի կարող ամբողջովին հրաժարվել ռուսական նավթից», - ասել է Մադյարը Kossuth ռադիոկայանի եթերում։
Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակում էր Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։
Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ին։ Հունգարիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ գրեթե բոլոր ձայների հաշվարկից հետո Մադյարի գլխավորած «Տիսա» կուսակցությունն զգալի առավելություն ունի վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ։ Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ «Տիսա»-ն կստանա խորհրդարանի 199 տեղից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության համար։ Երկրորդ տեղն զբաղեցրած «Ֆիդես»-ը պետք է ստանա 55 մանդատ: Վերջնական արդյունքները կհաստատվեն մինչև շաբաթ օրը՝ ապրիլի 18-ի երեկոյան, երբ հաշվվեն արտասահմանից ուղարկված բոլոր ձայները։



